ՀՆԱ-ի մեջ կրթության տոկոսը 2 տոկոսից էլ ցածր դարձնելու միտումը շատ մտահոգիչ է։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, «2018թ․ պետբյուջեում կրթության ֆինանսավորման հիմնախնդիրները»  թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության համաձայն,158 երկրների շարքում Հայաստանը գտնվում է 136-րդ տեղում։ Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը կհայտնվի աշխարհի երկրների վերջին տասնյակում»,-նշեց նա։

Նրա կարծիքով, ունենալով Երեւան եւ մարզեր սոցիալական անհավասարության եւ անարադարության խնդիր մի կողմից, ժողովրդագրական  նվազեցման խնդրի մյուս կողմից, պետք է ապահովել պայմաններ, որպեսզի մեկ մարդը ունենա ավելի բարձր արտադրողականություն, իսկ այդ նպատակին հասնելու համար  հենց կրթությունը կարող է ծառայել:

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն առաջարկում է՝ կառավարության բյուջեում որպես նպատակակետ ընտրվի կրթությանը հատկացնել ՀՆԱ-ի 3 տոկոսը, իսկ որպես հեռակա նպատակ այդ ցուցանիշը հասցվի 4․5 տոկոսի։ «Այս միջոցները պետք է ծախսվեն դպրոցների ու մանկապարտեզների պայմանների բարելավման համար։ Ավելին, պետք է ինչպես Երեւանում է, այնպես էլ մարզերում պետք է գործեն անվճար մանկապարտեզներ»,-համոզմունք հայտնեց բանախոսը։

Նշենք, որ այս տարվա բյուջեով կրթության ոլորտին հատկացվել է ՀՆԱ 2,34 տոկոսը: Կառավարության 2018-2020 թվականների միջնաժամկետ ծրագրով նախատեսվում է էական կրճատում. Մասնավորապես, 2018-ին այդ ցուցանիշը կկազմի 2,18 տոկոս, 2019-ին՝ 1,99 տոկոս, իսկ 2020-ին՝ 1,85 տոկոս: