ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Արեգ Ղարաբեգյանը  հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի/UNICEF-ի/ փորձագետ Նիկոլաս Մոլինոյին եւ  հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ  Տիգրան Թովմասյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան  ստորաբաժանումների պատասխանատուներ։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա․Ղարաբեգյանը ողջունել է հյուրերին, կարեւորելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «Կլիմայի փոփոխության ազդեցությունը երեխաների վրա» ծրագրի իրականացումը Հայաստանում։

Մանկական հիմնադրամի Նյու-Յորքի գրասենյակի  ներկայացուցիչ Ն․Մոլինոն ներկայացրել է տարբեր երկրների հետ տարվող ծրագրային  աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող հետազոտություններն  ու  վերլուծությունները։

«Կլիմայի փոփոխության ազդեցությունը երեխաների վրա» ծրագրի նպատակն է  ՄԱԿ-ի մանկական  հիմնադրամի բոլոր ծրագրերում  ներառել բնապահպանական գործոնները եւ էկոկրթական միջոցառումները։

Փորձագետն առաջարկել է ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ երեխաների առողջական, սոցիալական խնդիրների լուծման եւ էկոկրթության գործընթացների բարելավման ուղիներ մշակել։ Նա նշել է, որ երեխաների բնապահպանական  խնդիրների գիտակցմամբ եւ ընկալումով է պայմանավորված յուրաքանչյուր երկրի շրջակա միջավայրի բարելավումը։