ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի սենատում կայացած իր հանդիպումը հանրապետականների հետ «սիրո տոն» է եղել, եթե չհաշվենք միաժամանակ երկու կուսակից սենատորների հետ ունեցած վիճաբանությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հանրապետական սենատորների հետ հանդիպումը, չհաշված Ֆլեյքին ու Քորքերին, սիրո տոն էր հոտնկայս ծափահարություններով ու ԱՄՆ-ի համար հիանալի գաղափարներով», — գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում չորեքշաբթի: Նա կրկին քննադատել է Ֆլեյքին, որ իր հայրենի Արիզոնայի նահանգում իր վարկանիշն ընդամենը 18 տոկոս է:
Թրամփը երեքշաբթի այցելել է Կապիտոլիում, ուր հազվադեպ է լինում, եւ քննարկել է հարկային բարեփոխումները: Նույն օրը նախագահը շարունակել է խայթոցների փոխանակումը 2018-ին հեռացող հանրապետական սենատոր Բոբ Քորքերի հետ: Բացի այդ, երեքշաբթի Թրամփի մեկ ուրիշ կուսակից՝ սենատոր Ջեֆ Ֆլեյքը հայտարարել է, որ չի վերընտրվելու Թրամփի վարչակազմի հետ ունեցած խորը տարաձայնությունների պատճառով:




























