«Կանազի մշակույթի պալատը մնում է պետական, սուտ է, ինձ նվեր չեն տվել, մնում է քաղաքապետարանի բալանսում: Մենք վարձակալում ենք այդ շենքը, բայց ամեն ամիս վարձ տալու փոխարեն շենքը խելքի ենք բերելու»: Այս մասին Կենտրոն հեռուստաընկերության եթերում հայտարարել է դերասան Հրանտ Թոխատյանը:

«Այդ շենքը շատ պատահաբար գտել էր այն ժամանակվա Էկոնոմիկայի նախարար Երիցյանը: Հերթական զրույցի ժամանակ, որ ասում էի՝ մեզ թատրոն է պետք եւ այլն, ասաց՝ այսպիսի շենք կա: Ասաց՝ եկեք այս շենքը տրամադրենք ձեր ծրագրին, խոսքը 2007 թ. մասին է: Իսկ մինչեւ այդ դիմումներ եղել են 90-ականներից: Այսպես 11 տարի հետո, մենք կարողացանք մեր ծրագրով ապացուցել, որ արժի այդ շենքը տրամադրել այդ գործին: Շենքը մնում է պետական, սուտ է, ինձ նվեր չեն տվել, մնում է քաղաքապետարանի բալանսում: Մենք վարձակալում ենք այդ շենքը, բայց ամիս-ամիս վարձ տալու փոխարեն շենքը խելքի ենք բերելու»,-նշեց նա:

Նա հայտնեց նաեւ, որ  քաղաքապետարանի որոշումը դեռ չկա: Երբ լինի ավագանու նիստը, նոր կդրվի քննարկման, նիստը կորոշի՝ տալիս են, թե չէ: «Ես դիմել եմ 99 տարով, որովհետեւ դա մաքսիմալ ժամկետն է, եթե մաքսիմալ ժամկետը 300 տարի լիներ, ես 300 տարով կդիմեի, որովհետեւ այն ծրագիրը, որը ես ներկայացրել եմ եւ ուզում եմ կյանքի կոչել, դրա համար պետք է երկար ժամանակ ու բավականին մեծ ներդրումներ: Չի սարքվում խանութ, ռեստորան, լցակայան, որեւէ բան, որ անմիջապես եկամուտ է բերելու, ես ուզում եմ ստեղծել մի բան, որն այն եկամտաբերությունը չունի, որ համարժեք լինի ներդրումային ծրագրին»,-ավելացրեց դերասանը:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը հանձնաժողովներին քննարկման է ուղարկել որոշման նախագիծ, ըստ որի՝ Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին է փոխանցվում 1958 թ. կառուցված Կանազի մշակույթի պալատը, որը գտնվում է Արաբկիր համայնքում: Այն համարվում է պատմամշակութային հուշարձան: Այնտեղ պետք է ստեղծվեն թատրոնի հիմքով ստուդիաներ, խմբակներ, դպրոց եւ այլն: