ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 25-ին ընդունեց չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության փոխնախագահ Քսիոն Լիքսինի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին «Սինոհիդրո» ընկերության կողմից Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացմանն առնչվող հարցեր:
Նախարարը նշեց, որ ճանապարհի շինարարությունը վերահսկող կազմակերպությունները մի շարք խնդիրներ են գրանցել, որոնց պետք է արագ լուծում տալ, իսկ հետագա աշխատանքները շարունակել առավել արդյունավետ եւ բարձր որակով։ Նա ընդգծեց, որ «Հյուսիս-հարավ»-ը Հայաստանի համար շատ կարեւոր նշանակություն ունեցող ծրագիր է, այն ՀՀ նախագահի եւ կառավարության ուշադրության կենտրոնում է եւ որակական որեւէ շեղում անթույլատրելի է։
Սիոնգ Լիսինգը, անդրադառնալով բարձրացված խնդիրներին, կարեւորեց փորձանմուշների թեստային փորձարկման արդյունքների գնահատականը եւ հավաստիացրեց, որ դրանց արդյունքները չգոհացնելու դեպքում իրենք պատրաստ են շտկել բոլոր թերությունները։
«Մենք կշարունակենք ուշադիր դիտարկել կատարված աշխատանքները։ Նաեւ պատրաստ ենք ցանկացած պահի քննարկել առաջացած խնդիրները եւ օգնել լուծել դրանք։ Հուսով ենք, որ հետագա համագործակցությունը կլինի առավել արդյունավետ»,- ընդգծեց Վահան Մարտիրոսյանը։




























