Վայրէջք կատարելիս Հայաստանի տարածքում հայտնված տիեզերագնացները անհրաժեշտ աջակցություն կստանան: Այս մասին հոկտեմբերի 26-ին ԱԺ-ում ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը՝ ներկայացնելով «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը:

Դեռեւս 1979 թվականին Նյու Յորքում կնքված համաձայնագրի համաձայն՝ արգելվում է Լուսնի վրա ուժի ցանկացած դրսեւորում: Արգելվում է այնտեղ ռազմաբազաներ եւ օբյեկտներ հիմնել, որոնք կարող են սպառնալ Երկրին կամ տիեզերանավերին ու արբանյակներին: Լուսնի ուղեծրին չի կարելի միջուկային զենք տեղադրել, ինչպես նաեւ այն թաղել Լուսնի հողի մեջ:

Հայաստանը պարտավորվում է կատարել ե՛ւ այս, ե՛ւ այլ պահանջները: Մասնավորապես՝ Հայաստանը փոխադարձության սկզբունքով մյուս երկրներին կտրամադրի Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա իր հետազոտական կայանները: