Տաքսիստներն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, բողոքի ակցիա են կազմակերպել Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ բողոքելով լիցենզավորման նոր կարգի դեմ, որը դրվել է ԱԺ քննարկման։ Նոր կարգի համաձայն,  մեքենաները պետք է լինեն 6 տարուց ոչ հին։ «Ստացվում է, որ պետք է վարկերի տակ ընկնենք, գնենք նոր արտադրության մեքենա եւ ապրենք վարկերի բեռի ներքո»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց տաքսիստ Կարապետյան Գոռը։

Տաքսիստները պնդում են, որ  Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պատշաճ կերպով չի կատարում իր լիազորությունները, ավելին՝ ամեն տարի խաբում է իրենց նոր կարգ մտցնելով։ Ուստի պետք է Երեւան քաղաքում քաղաքային տրանսպորտի հարցերի հետ մեկտեղ տաքսիների լիցենզավորման հարցով եւս զբաղվի Երեւանի քաղաքապետարանը, իսկ մարզերում համապատասխան մարմինները։

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի»  նախագահ Տիգրան Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ  նախարարությունը իրականացրել է բիզնես ցեղասպանություն տաքսիստների հանդեպ։ «15 հազար հոգի գնում են մեքենա, իսկ քիչ անց օրենքի փոփոխության պատճառով վաճառում են եռակի էժան։ Կառավարությունում կարծում են, թե բոլոր տաքսիստները մորուքով, թրաշով, կեղտոտ, հողաթափերով մարդիկ են կամ խաբեբա են, սրիկա,  այդպիսով ատելություն սերմանելով  տաքսիստների հանդեպ, սակայն մեզ համար առավել քան հաճելի չէ նման տաքսիստների գոյությունը։ Մենք ինքներս չենք ընդունում նման տաքսիստներին։ Ինչ վերաբերում է հարկային դաշտին, ապա  այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ էջմիածինցին,  ջրվեժցին, փարաքյարցին լիցենզավորվում են 5 հազար դրամով, իսկ Կենտրոնում 12 հազար դրամով։ Սա անարդար  պայմաններ են տաքսիստների համար»,-նշում է նա։

Քաղաքապետարանից տաքսիստներին հայտնեցին, որ հարցը իրենք լիազորությունների մեջ չի մտնում։ Ուստի տաքսիստները շարժվեցին Բաղրամյան 26 իրենց բողոքի ձայնը բարձրացնելու։