Ստիպված ենք Հայաստանից Եվրոպա թռչել գիշերը, սակայն օբյեկտիվ պատճառներով: Հոկտեմբերի 26-ին ԱԺ-ում այս մասին ասաց կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը՝ ելույթ ունենալով Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ օդային փոխադրումների համաձայնագրի քննարկմանը, որը ստորագրվել է 2014 թվականի հունիսին: 2 երկրները պարտավորվում են միմյանց ավիաընկերությունների համար մրցակցային հավասար պայմաններ ստեղծել:

Քննարկման ժամանակ պատգամավորները նշեցին, որ, լինի դա «Ավստրիական ավիաուղիները» կամ եվրոպական որեւէ այլ ընկերություն, ստիպված ենք թռչել հմնականում գիշերը: «Հնարավո՞ր է՝ այն պատճառով, որ ադ ժամերին չվերթների սպասարկումն ավելի էժան է»,- հարցրեց «Ծառուկյան» դաշինքից ընտրված ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:

Ի պատասխան Ավետիսյանը նշեց, որ պատճառն, ավելի շուտ, այն է, որ եվոպական ընկերությունները հաճախ այս չվերթները կապում են տրանսատլանտյանին, որոնք հատուկ Հայաստանի համար չեն փոփոխի: Իսկ եթե Հայաստանից թռչեն ոչ թե գիշերը, այլ առավոտյան կամ ցերեկը, ապա ստիպված այս չվերթներին չեն հասնի: «Իսկ սպասարկման արժեքը գիշերը նույնիսկ ավելի թանկ է՝ թեկուզ այն պատճառով, որ օդանավակայանի աշխատակիցները գիշերային ժամերի համար հավելավճար են ստանում»,- հավելեց պաշտոնյան: