ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Վանաձորում գործող «ՍԻՍ-13» առեւտրային կազմակերպության հանրային  սննդի  օբյեկտի գործունեությունը: Պետական վերահսկողության ընթացքում պարզել են, որ հանրային   սննդի  օբյեկտի խոհանոցը գտնվել է սանիտարահիգիենիկ վատ պայմաններում:

«Լայկ-Քեյկ» ՍՊԸ-ի հրուշակեղենի արտադրամասում եւս խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները. արտադրամասը չի պահվել մաքուր, նորոգ եւ պատշաճ վիճակում, աշխատակիցները չեն կրել համապատասխան մաքուր, պաշտպանիչ հագուստ: Բացի այդ՝ խախտվել է նաեւ արտադրության տեխնոլոգիական գործընթացի իրականացման կարգը. հումքը եւ պատրաստի արտադրանքը չեն համապատասխանել դրանց որակը եւ անվտանգությունը հավաստող փաստաթղթերին:

Նշված տնտեսվարողների գործունեությունը կասեցվել է մինչեւ հայտնաբերված խախտումների վերացումը:

Մեկ այլ որոշմամբ՝ չեղարկվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Գեւորգյանի արտադրական գործունեությունը կասեցնելու մասին որոշումը:  Անհատ ձեռնարկատերը վերացրել է հացի արտադրամասում հայտնաբերված սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները, հետեւաբար կարող է շարունակել աշխատանքը: