Հոկտեմբերի 27-ի առնվազն կատարողները ձերբակալված են, պատվիրատուները չեմ կարող ասել՝ ովքեր են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Հոկտեմբերի 27-ը մեր պատմության ամենողբերգական էջերից մեկն է եւ Հայաստանի Հանրապետության զարգացումը ակնհայտորեն հետ գցեց։ Ճիշտ է, մենք սիրում ենք, որ գնում են, նոր ենք մարդու հետեւից լավ բաներ ասում, բայց պետք է ասեմ, որ թե սպարապետը, թե Կարեն Սերոբիչը, թե մնացած մեր գործընկերները, նրանք այն քաղաքական եւ ինտելեկտուալ էլիտան էին, որոնց ծառայությունները, ինտելեկտը, կամքը, նվիրված ոգին ու բարեփոխումների կարիքը մեր ժողովուրդը շատ ուներ: Նրանց առաջնորդությամբ մենք կարող էինք ունենալ շատ ավելի լավ ձեռքբերումներ», -  ասաց ԱԺ փոխնախագահը՝ ընդգծելով, որ սա իր անձնական կարծիքն է:

Նա նաեւ ընդգծեց, որ այդ ժամանակ Վազգեն Սարգսյանը ՀՀԿ առաջնորդն էր եւ իրենք կորցրել են ոչ միայն սպարապետին, այլ՝ կուսակցության առաջնորդին:

Դիտարկմանը, որ Վազգեն Սարգսյանի եղբայր, «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ասում է, որ իշխանություններն են մեղավոր, Շարմազանովն ընդգծեց, որ չի մեկնաբանում Արամ Սարգսյանին եւ այս առնչությամբ Սարգսյանների ընտանիքի մեկնաբանությունները. «Չեմ մեկնաբանում, որովհետեւ նա սպարապետի եղբայրն է, ունի իր պատճառներն ու զգացմունքները եւ բարոյական էլ չէ, որ ես այսօր սպարապետի, Դեմիրճյանի ընտանիքի անդամներից որեւիցե մեկի ասածները որոշեմ մեկնաբանել»: