ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 27-ի դեպքերը չի կապում արտաքին աշխարհի կամ քաղաքականության հետ։
«Իհարկե, շատերը ձգտում են դրանում քաղաքական հիմքեր գտնել։ Ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որեւիցե խնդիր չկա։ Այն ինչ տեղի ունեցավ, մեր բոլորի ողբերգությունն է»,-ասյաօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Արա Բաբլոյանը:
«Այսօր հիշատակի օրն է, որը միշտ պետք է զգոն պահի մեզ, որ հանդուրժող լինենք եւ հարգենք այն ամենը, ինչ ստեղծել են դարերով մեր պապերը՝ տալով մեզ երկիր եւ այսօր մենք պետություն ենք ստեղծել, որը պիտի կարողանանք ճիշտ կառուցենք», - ասաց ԱԺ նախագահը։
Արա Բաբլոյանն ընդգծեց՝ բնական է, որ հանրությունը նման իրավիճակներում միշտ կարծում է, թե իրողությունը երբեք չի բացահայտվի. «Բացահայտված են մարդիկ, որոնք դա իրականացրել են», - նշեց Բաբլոյանը։
Հարցին, որ եթե Հոկտեմբերի 27-ը չլիներ պատմության մեջ, արդյոք Հայաստանի Հանրապետությունը զարգացումը կլինե՞ր այնպես, ինչպես հիմա է, թե՞ այլ ուղով կզարգանար, Արա Բաբլոյանը պատասխանեց. «Իշխանությունը կարողանում է զարգացնել այնպես, ինչպես ժողովուրդը նրան վստահում է եւ այդ առումով չեմ կարծում, որ տատանումները մեծ լինեին եւ տարբերությունը մեծ լիներ։ Մենք ունենք դանդաղ, բայց հստակ առաջընթաց եւ այդ ամենը տարբեր ֆակտորներով է բացատրվում։ Ուղղակիորեն ասել, որ մենք կունենայինք այլ որակի Հայաստան, համոզված եմ, որ ոչ»։
Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովի պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը և մի շարք պատգամավորներ, ԱԺ աշխատակազմը ծաղիկներ դրեցին խորհրդարանի այգում ոճրագործության հետևանքով զոհված քաղաքական գործիչների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ:
Հիշեցնենք, որ 18 տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:
Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:
Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:
3 տարի տեւած դատավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վեր հանել ահաբեկչության կազմակերպիչներին եւ մինչ օրս էլ հասարակությունը լուրջ կասկածներ ունի կազմակերպիչների մասով:




























