Ժամանակակից հայ ազգի գաղափարական հայացքների եւ սկզբունքների շփման կետը հայ ազգի քաղաքական մանդատի վերականգնումն է: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Հազարամյակներ շարունակ հայ ազգն ապրել եւ արարել` ստեղծել է իր ուրույն քաղաքակրթությունը սեփական հայրենիքում, որի համար կարեւոր պայման է հանդիսացել նրա ազգային քաղաքական անկախությունը: Ազգային քաղաքական անկախության երկու կարեւոր բաղադրիչները` ազգի մանդատը պետականության նկատմամբ եւ այդ պետականությունում ազգային քաղաքականություն իրականացնելը դարեր շարունակ հայ ազգի համար մնացել են անհասանելի:
Քաղաքական անկախության կորստից հետո հայ ազգը դարերի ընթացքում կորցրել է իր ստեղծած քաղաքակրթության զգալի մասը, միլիոնավոր մարդկանց եւ հայրենիքի հիմնական տարածքները: Ազգային քաղաքական անկախության երկարատեւ կորուստը բացասաբար է ազդել նաեւ հայ ազգի քաղաքական գիտակցության վրա՝ նրան զրկելով քաղաքական ազգին բնորոշ պայքարի տենչից` հանուն քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների:
Արդի ժամանակաշրջան հայ ազգը մուտք է գործել հայկական պետականության 42 հազար քառակուսի կմ տարածքով, ոչ լիարժեք քաղաքական անկախությամբ եւ ոչ բավարար քաղաքացիական ու քաղաքական իրավունքներով:
Ժամանակակից հայ ազգը, որը ձեռք է բերել անդրսահմանային ազգի կարգավիճակ (ազգի շուրջ 10 տոկոսն է ապրում հայկական պետականության ներքո), ազգային ինքնությունը պահպանելու, երջանիկ եւ ապահով ապրելու համար կարիք ունի ներկայացնել քաղաքական հայտ` հայկական պետականության քաղաքական մարմինների ձեւավորման եւ քաղաքական որոշումների կայացման համար` քաղաքական իրավունքների վերականգնում: Հայ ազգի արմատական շահերից է բխում մասնակցությունն իր ազգային պետության քաղաքական կյանքին: Առանց ողջ ազգի քաղաքական մասնակցության, հնարավոր չէ լիարժեք վերականգնել ազգային պետականությունը, այն զարգացնել եւ հզորացնել, օգտվել նրա ընձեռած հնարավորություններից:
Ժամանակակից հայկական պետականությունում հայ ազգը՝ զրկված լինելով քաղաքական մատդատից, բախվել է լրջագույն աղետի: Քաղաքական մանդատը հայտնվելով բոլշեվիզմից եւ ապազգայնությունից սերված դրամամոլների ձեռքում՝ հայկական պետականությունը տանում է գահավիժման:
Հայ ազգի քաղաքական մանդատ կրողները կուտակել են ահռելի քանակի պետական պարտք (2017-ի արդյունքներով այն կազմում է 6 մլրդ 277 մլն դոլար` ՀՆԱ-ի շուրջ 60 տոկոսը): Հայկական պետականության պարտքը հատել է վարկային ռիսկի մեծության չափը: Սա ահազանգ է, որ 2020 թվականին հայկական պետականությանը սպասում է դեֆոլտ: Հայկական պետականության քաղաքական մանդատ կրողները 2020 թվականին պետք է վճարեն շուրջ 1 միլիարդ դոլար վարկային տոկոսներ: Դա նշանակում է, որ 2020 թվականին վարկառուի` հայկական պետականության քաղաքական մանդատը կրողների կողմից վարկի հիմնական գումարի եւ տոկոսադրույքների պարբերական վճարումների չկատարում։
Բռնակալական համակարգի եւ տնտեսական մենաշնորհների առկայության պատճառով հայակական պետականությունից արտագաղթել է շուրջ 1,5 միլիոն մարդ: Հայաստանում դեմոգրաֆիական կատաստրոֆիկ իրավիճակ է: Հայաստանը դասվում է ծերացած բնակչություն ունեցող պետությունների շարքին: Համաձայն ՄԱԿ-ի սահմանման՝ ծերացած է համարվում այն երկրի բնակչությունը, որտեղ ընդհանուր բնակչության 65 եւ ավելի բարձր տարիք ունեցողների թիվը գերազանցում է 7%-ը: Հայաստանում այդ ցուցանիշը մոտեցել է 11%-ի:
Հայաստանում աղքատության ցուցանիշը նույնպես արձանագրում է կատաստրոֆիկ իրավիճակ: Աշխատավարձից եւ դրամական փոխանցումներից եկամուտների նվազման հետեւանքով աղքատության ցուցանիշը չափազանց բարձր է. օրական 5 դոլար սպառում ունեցող մարդկանց թիվը կազմում է 70 տոկոսից բարձր:
Ներկայիս հայկական պետականությունում միջակությունները` բռնության, հանրային անտարբերության, համատարած աղքատության պայմաններում շարունակում են իրենց ձեռքում պահել քաղաքական մենաշնորհը եւ իրականացնել ապազգային, բռնակալական եւ գավառական քաղաքականություն: Նման իրավիճակի պահպանումը լուրջ սպառնալիք է հայկական պետականության եւ հայ ազգի անվտանգության համար, որը հնարավոր է հանգեցնի անդառնալի կորուստների:
Իրավիճակը փոխելու համար հարկ է անդրսահմանային եւ հայկական պետականության ներքո ապրող հայ ազգի երկու հատվածներին տրամադրել հավասար քաղաքական իրավունքներ եւ մեկտեղել նրանց քաղաքական օրակարգը` տրամադրել քաղաքական մանդատ հայկական պետականությունում: Նրանք պետք է սկսեն գործել իբրեւ մեկ կենդանի քաղաքական մարմին:
Անհրաժեշտություն է առաջացել հայ ազգի առավել ուժեղ եւ բյուրեղյա մաքրությամբ օժտված հատվածից ձեւավորել նոր քաղաքական ընտրանի, որի կարեւոր եւ առաջնահերթ գարծառույթը պետք է լինի հայկական ներկայիս պետականությունում առկա քաղաքական մենաշնորհի վերացումը (ազգային քաղաքականության ազատականացում)` հայ ազգի քաղաքական մանդատի վերականգնում, հայկական պետականության գործառույթներից երեւանյան գավառապետության վերնախավի հեռացում (բացարձակ վերացում) եւ բոլորի համար հավասար պայմաններում նոր հանրային իշխանությունների ձեւավորում` նոր իրական Հայկական Հանրապետության հիմնադրում:




























