Կամբոջայի վարչապետ Հուն Սենը հայտարարել է, որ իր ուղեւորությունները սահմանափակելու ամերիկացի սենատորների սպառնալիքների լույսի ներքո արեւմտյան պատժամիջոցներից չի վախենում՝ կապված ընդդիմության առաջնորդի կալանավորման հետ, փոխանցում է Reuters-ը:

Կառավարության նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ նա նշել է, որ իրեն չեն մտահոգում արեւմտյան դոնորների պատժամիջոցները: Նրա խոսքով՝ ինքն արտասահմանում ակտիվներ չունի եւ ԱՄՆ այցելելու անհրաժեշտություն՝ նույնպես:

Ընդդիմության առաջնորդ Կեմ Սոհան կալանավորվել է սեպտեմբերի 3-ին՝ պետական դավաճանության մեղադրանքով: Նրան մեղադրում են ամերիկացիների օգնությամբ իշխանությունը զավթելու դավադրության մեջ: Նա մեղադրանքները ժխտում է: