Իսպանիայի դատախազությունը կարող է հայց ներկայացնել բոլոր այն քաղաքական գործիչների դեմ, ովքեր կմասնակցեն Կատալոնիայի անկախության հռչակմանը: Այդ մասին հաղորդում է Expansión պարբերականը։

Թերթի տեղեկություններով՝ խոսքը նրանց խռովության մեջ մեղադրելու մասին է: Իսպանիայի վերահսկիչ մարմինն արդեն հայց է պատրաստում Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնի դեմայն դեպքում, եթե նա հայտարարի թագավորության կազմից տարածաշրջանի դուրս գալու մասին:

Իսպանիայի օրենսդրության համաձայն, եթե նրա մեղքն ապացուցվի, նրան կսպառնա 30 տարվա ազատազրկում:

Հոկտեմբերի 27-ին տարածաշրջանային խորհրդարանում նիստ կգումարվի, որպեսզի որոշվի, թե ինչ  պատասխան է տրվելու երկրի կառավարության կողմից ձեռնարկված միջոցներին, որոնք ենթադրում են   Պուչդեմոնի, նրա տեղակալ Օրիոլ Ժունկերասի  եւ տարածաշրջանային կառավարության դեպարտամենտների ղեկավարների պաշտոնանկությունը: Օրվա ընթացքում Իսպանիայի Սենատը պետք է կառավարության առաջարկների որոշման շուրջ քվեարկություն անցկացնի: