Նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է քալիֆորնիացի միլիարդատեր Թոմ Սթեյերին, ով խոստացել էր 10 միլիոն դոլար ծախսել Թրամփի հրաժարականը պահանջող գովազդի համար, փոխանցում է AP-ը:
Twitter-ի իր միկրոբլոգում Թրամփը Սթեյերին անվանել է «միանգամայն անհավասարակշիռ եւ հոգեկան հիվանդ»: Նրա խոսքով՝ Սթեյերն ի սկզբանե «կռիվ էր տալիս ինձ ու «Ամերիկան կրկին մեծ կդարձնենք» իմ ծրագրի հետ»։ Նա հավելել է, որ միլիարդատեր բնապահպանն «ընտրություններում երբեք չի հաղթի»:
Վերջերս Սթեյերի ընկերությունը գովազդային արշավ էր սկսել Fox News-ով եւ այլ լրատվամիջոցներով՝ պնդելով, որ Թրամփը պետք է լքի Սպիտակ տունը: Սթեյերը կարծում է, որ Թրամփը ԱՄՆ-ն մղում է միջուկային պատերազմի, խոչընդոտում է արդարադատությանն ու սպառնում է փակել իրեն դուր չեկած լրատվամիջոցները:
Սթեյերը ցանկանում է, որ հանդիսատեսները դիմեն իրենց նահանգների կոնգրեսականներին եւ խնդրեն կիրառել իմպիչմենթի մասին հոդվածը:




























