Ադրբեջանում չինովնիկները հրամանագրերով չեղարկում են սողանքները։ Հնարավոր է, ապագայում ադրբեջանցի պաշտոնյաները կսկսեն նաեւ չեղարկել երկրաշարժերը, փոթորիկները ու մյուս տարերային աղետները։

haqqin.az-ի փոխանցմամբ՝ Բիբիեյբաթա շրջանի բնակավայրերը համարվում են սողանքային պոտենցիալ վտանգավոր գոտիներ, ինչը վերջերս լրագրողի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Գիտությունների ակադեմիայի աշխարհագրության ինստիտուտի լանդշաֆթի պլանավորման բաժնի վարիչ Միրնուխ Իսմայիլովը։ Չնայած մասնագետները բազմիցս զգուշացրել են այդ տարածքում լանջերի ամրացման աշխատանքների անհրաժեշտության մասին, բայցեւայնպես առայսօր ոչ մի որոշակի աշխատանք չի իրականացվել։ Գիտնականը հավաստիացնում է, որ այդ բնակավայրերը հիմա սողանքի տակ մնալու վտանգին են ենթարկվում։

Այդ հայտարարության հետ կտրականապես համաձայն չէ Խաթաինի շրջանի գործադիր իշխանությունների մարմինների հետ աշխատանքի հարցերով բաժնի ղեկավար Էթիբար Ահմեդովը։ «Մենք ընդունել ենք բոլոր անհրաժեշտ միջոցառումերը։ Այդ հարցով անձամբ զբաղվում է շրջանի ԳԻ ղեկավարի տեղակալ Թեյմուր Ազիզովը»,- ասել է Ահմեդովը։ Նրա խոսքով սողանքի գոտու ամրացման աշխատանքները ղեկավարում է փախստականների ու հարկադիր տեղահանվածների հետ աշխատանքի բաժնի ղեկավար Ֆաիկ Ալիեւը։

Տարօրինակ է, թե ինչու է ամրացնող աշխատանքներով զբաղվում փախստականների խնդիրներով զբաղվող աշխատակիցը ։ Բայց պաշտոնյան այսպես է բացատրել․ «Սողանքը տեղի է ունեցել հարկադիր փախստականների բնակության վայրում, դրա համար էլ այդ հարցով համապատասխան պաշտոնյան է զբաղվում»։ Երկաթյա տրամաբանություն։ Ստացվում է, որ եթե սողանքը սկսի սպառնալ խանութներին կամ շուկային, այդ դեպքում խնդրով սկսելու է զբաղվել առեւտրի հարցերով բաժի՞նը։ Բնականաբար, դրան համապատասխան որակով, ամփոփում է պարբերականը։