Բրիտանիայի Թագավորական Պաշտպանական հետազոտությունների միացյալ ինստիտուտի ռազմական տեխնոլոգիաների փորձագետ Ջասթին Բրոնկը շատ թերահավատորեն է տրամադրված ԿԺԴՀ կողմից էլեկտրամագնիսական ազդակ կիրառելու հնարավորությանը:
Business Insider-ին տված հարցազրույցում փորձագետը նշել է, որ էլեկտրամագնիսական իմպուլսի (EMP) կիրառման տեխնոլոգիան, որը կարող է շարքից հանել ամբողջ էլեկտրոնիկան, մինչ օրս քիչ ուսումնասիրված է, եւ ԿԺԴՀ-ն հազիվ թե այդ նպատակով ԱՄՆ օդային տարածքում միջուկային պայթյուն իրականացնի:
Բայց եթե անգամ Փհենյանը այդ անսովոր հարձակումն իրականացնի, ապա ԱՄՆ պատասխանը կլինի նույնը, ինչպես սովորական միջուկային մարտագլխիկի կիրառման դեպքում:
ԱՄՆ միջուկային ինֆրակառուցվածքը պաշտպանված է ազդակներից եւ հարձակման դեպքում Վաշինգտոնն անմիջապես ԿԺԴՀ ուղղությամբ իր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները կգործարկի:




























