Կատալոնիայի իշխանությունները մտադիր են շարունակել անկախության հասնելուն ուղղված իրենց աշխատանքը: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը՝  վկայակոչելով իրավիճակին տեղյակ աղբյուրներին:

Տեղեկատվության համաձայն՝ Կատալոնիայի կառավարությունում մտադիր չեն իրենց իշխանությունից հեռացված ճանաչել: Ավելին՝ նրանք նախատեսում են իրականացնել մի շարք քայլեր, որոնք նախատեսված են Կատալոնիայի խորհրդարանի կողմից հաստատված անկախության հռչակագրում:

Դրանից կարճ ժամանակ անց Կատալոնիայի գործադիր իշխանության ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել էր, որ ինքը չի ճանաչում Մադրիդի ՝ իրեն իշխանությունից հեռացնելու մասին կարգադրությունը:

«Ժողովրդավարական հասարակությունում կառավարությունը ընտրելու գործառույթն իրականացնում է խորհրդարանը», - հեռուստատեսային ուղերձում բացատրել է նա:

Պուչդեմոնը խոստացել է շարունակել Կատալոնիայի անկախության համար խաղաղ պայքարը: Նրա խոսքով՝ դրա համար նա պատրաստ է օգտագործել բացառապես ժողովրդավարական մեխանիզմներ:

Հիշեցնենք, որ Իսպանիայի կառավարությունը լուծարել էր Կատալոնիայի կառավարությունը եւ Կատալոնիայի խորհրդարանը, որից հետո Մադրիդը Կատալոնիայի կառավարումն իր վրա էր վերցրել: