«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ընդունման արդյունքում գիտության ոլորտ կմտնեն մարդիկ, որոնք իսկապես արժանի են գիտությամբ զբաղվելու եւ ցանկություն ունեն, ոչ թե գալիս են բանակից ազատվելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, հաղորդում է vazgenmanukyan.am-ը:

Նրա խոսքով, այդ օրենքի նախագիծը լավ կյանքից չէ, որ բերվել է օրակարգ. «Մի կողմից՝ երկրի անվտանգությունն ապահովելու լուրջ խնդիր ունենք, մյուս կողմից՝ նվազած ծնելիություն եւ արտագաղթ: Բացի այդ, մեր սպայական կազմը, որի մի մասը ձեւավորվել է Արցախյան պատերազմի ընթացքում, մյուս մասը՝ Խորհրդայիին Միության բանակից Հայաստան տեղափոխված մեր հայրենակից սպաներից, արդեն ծերանում է, նոր կրթված սպայական կազմի անհրաժեշտություն կա: Երբ խոսում եմ արտագաղթի եւ ժողովրդագրական խնդիրների մասին, դա առանձին քննարկելու խնդիր է, շատ կարեւոր: Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, եւ այս իրավիճակում պետք է որոշումներ ընդունել»:

Ինչ վերաբերում է այն հարցին՝ դա կհարվածի գիտությանը, թե ոչ, ապա ըստ Վազգեն Մանուկյանի, օրենքը դրական կողմեր ունի եւ ունի հետեւանքներ, որոնք այնքան էլ դրական չեն կարող լինել. «Դրականն այն է, որ մինչեւ հիմա իսկապես բանակից ազատվելու միջոց էր դարձել գիտության մեջ խցկվելը, եւ քանի որ սահմանափակ քանակությամբ տեղեր կային ասպիրանտուրայում եւ այլն, մարդիկ ծանոթով, փողով զբաղեցնում էին այդ տեղերը՝ շատ անգամ դուրս թողնելով ավելի արժանավոր երիտասարդներին: Կար կոռուպցիա: Այս օրենքը գոնե մաքրում է այդ ասպարեզը:

Գիտության ոլորտ կմտնեն մարդիկ, որոնք իսկապես արժանի են գիտությամբ զբաղվելու եւ ցանկություն ունեն, ոչ թե գալիս են բանակից ազատվելու համար: Այսինքն՝ կնվազի կոռուպցիան, կնվազեն բացասական երեւույթները, կդժվարանա որոշ պաշտոնյաների՝ իրենց երեխաներին բանակից ազատելու ճանապարհը, եւ այդ տեսանկյունից գիտության համար դրական կողմ կա: Բացի ամեն ինչից, հայրենիքի պաշտպանությունը վերաբերում է բոլորին հավասարապես Ինչ վերաբերում է բացասականին, ապա պետք է ըստ ոլորտների նայել:

Օրինակ՝ ոչ բնական գիտություններով զբաղվող գիտնականները մեծ մասամբ գիտական աշխատությունները գրում են հասուն տարիքում, որովհետեւ շատ կարեւոր է, թե ինչ կյանք ես ապրել, ինչ փորձ ու գիտելիքներ ես կուտակել: Այս տեսանկյունից, կարծում եմ, բանակ գնալը վնաս չի բերի, ընդհակառակը, ավելի հասուն կլինեն իրենց ասպարեզներում:

Բնական գիտություններում մի քիչ ուրիշ է, հատկապես՝ մաթեմատիկայում: Անհնարին թվացող շատ հայտնագործություններ կատարվում են հենց երիտասարդ տարիքում, քանի որ մարդու ուղեղն այդ տարիքում ավելի շատ է ունակ բացահայտելու անհնարին թվացող երեւույթներ: Եվ պատահական չէ, որ շատ մաթեմատիկոսներ իրենց հայտնագործությունների հիմքը դնում են 20-21 տարեկան հասակում: Եվ այդ ժամանակ նրանց կտրելը գիտությունից վտանգավոր է»:

Վազգեն Մանուկյանի կարծիք հայտնեց, որ քանի որ հիմա բանակում մեծ արագությամբ զարգանում է ռազմարդյունաբերական համալիրը, ինչպես կան սպորտսմենների եւ այլ գումարտակներ, կարծում եմ, որ ռազմարդյունաբերական համալիրը կստեղծի համապատասխան ինստիտուտներ հենց բանակի ներսում, որ այդ շնորհալի երիտասարդները կարողանան, բանակում ծառայելով, չկտրվել նաեւ իրենց մասնագիտությունից:

«Ավելի դժվար է, օրինակ, դաշնակահարների կամ ջութակահարների դեպքում, որովհետեւ նրանք օրական մի քանի ժամ պետք է պարապեն, մատներն անընդհատ վարժանք ենք պահանջում: Կամ ենթադրենք բալերոնների հարցը, եւ այլն:

Շատ դժվար է մի մասի համար բացառություններ սահմանել, որովհետեւ հենց այդ ճեղքը բացում ես, լցվում են բոլորը: Եվ մեկ էլ կտեսնես, որ 120 կգ քաշով երիտասարդը բալերոն է ձեւակերպվում, որ բանակից խուսափի»:

Ինչ վերաբերում է փաստարկին, որ հասարակության մեջ շատերն իրենց երեխաներին փախցնում են բանակից, շատ անգամ արտագաղթում են բանակից ազատելու համար, Վազգեն Մանուկյանն ասաց. «Եթե հայրենասիրության, պատասխանատվության այդ մակարդակը չբարձրացվի, հետագայում շատ դժվար կլինի բանակի խնդիրները լուծել: Իհարկե, այստեղ ինչ-որ բան կախված է իշխանություններից, բայց ինչ-որ բան էլ կախված է հասարակությունից, որովհետեւ ես չեմ կարծում, որ Իսրայելի ներքին կյանքը լրիվ արդար է, չկա կառուպցիա եւ ամեն ինչ լավ է, բայց Իսրայելի ցանկացած քաղաքացի պատիվ է համարում բանակում ծառայելը: Այսինքն՝ բանակից խուսափելու այս պատճառաբանությունները գոնե կիսով չափ շինծու են: Դրա հետ միասին պետք է լուծել նաեւ բնակչության աճի հարցը: Ես կարծում եմ, որ իրականում հնարավոր է եւ´ տնտեսությունը զարգացնել, եւ´ ներքին կյանքը բարելավել»:

Նշենք, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսվում են ակադեմիական տարկետման կարգի փոփոխություններ: Ըստ այդ փոփոխության՝ ակադեմիական տարկետում կտրամադրվի միայն ՊՆ-ի հետ պայմանագիր կնքող ուսանողներին, որոնք ուսումնառությունից հետո կպարտավորվեն բանակում ծառայել ոչ թե 2, այլ 3 տարի։