Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը ժողովրդին կոչ է արել Իսպանիայի իշխանություններին, որոնք  ինքնավարության իշխանություններին հեռացնելու  եւ վաղաժամ ընտրությունների նշանակման որոշում են կայացրել,  խաղաղ ժողովրդավարական դիմադրություն ցույց տալ:

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ պաշտոնից հեռացված Պուչդեմոնի պաշտոնական հայտարարությունը ներկայացրել է Կատալոնիայի հեռուստաալիքը, որը դեռ չի ենթարկվում Մադրիդին:

 «Այսօրվա ձեռքբերումները պաշտպանելու լավագույն միջոցը Իսպանիաի Սահմանադրության 155-րդ հոդվածի նկատմամբ ժողովրդավարական դիմադրություն ցույց տալն է: Մենք պետք է այդ անենք՝ ոչ մի վայրկյան չհրաժարվելով քաղաքացիական եւ խաղաղ պահվածքից», - ասել է նա:

Կառլես Պուչդեմոնը ընդգծել է, որ Կատալոնիայի հանդեպ Մադրիդի որոշումները, որոնք ենթադրում են ինքնավարության խորհրդարանի լուծարումը եւ կառավարության հրաժարականը, հակասում են Կատալոնիայի ժողովրդի կամքին:

Նա հավելել է, որ տարածաշրջանի իշխանությունները մտադիր են շարունակել ինքնուրույն պետության ստեղծման ճանապարհով  շարժվել: