Վայոց Ձորի Գոմք համայնքում հոկտեմբերի 28-ին ՓՄՁ պետական աջակցության ծրագրերի շրջանակում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի օժանդակությամբ բացվեց «Բենսոն» զբոսաշրջային կենտրոնը:

Հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կենտրոնը ստացել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի բազմակողմանի աջակցությունը՝ խորհրդատվական, տեղեկատվական և ֆինանսական ուղղություններով: Աջակցության ուսուցողական մասն իրականացել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ համատեղ՝ «Սկսնակ գործարարներին աջակցություն» ծրագրի շրջանակում:

Վարկային երաշխավորությունը ստանալուց և նախատեսված բոլոր աշխատանքները կատարելուց հետո կենտրոնը զբոսաշրջիկներին ներկայանում է առավել հարմարավետ և բարեկարգ պայմաններով, ինչը կնպաստի զբոսաշրջիկների հետագա հոսքի ավելացմանը և կխթանի ընդհանուր մարզում զբոսաշրջության զարգացումը:

Նշենք, որ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային  կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը,  ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը: