Հանրապետական խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը գիտակցում է, որ առաջիկայում Ազգային ժողովում քննարկվող 2018 թվականի բյուջեի նախագծում ժողովրդի համար հաճելի դրույթ չկա: Նա ժողովրդին հորդորում է չհուսահատվել, եւս մի քանի տարի սպասել: NEWS.am-ի հետ զրույցում հանրապետական պատգամավորն ասաց՝ կառավարության ներկայացրած բյուջեն պետք է ընդունել որպես ճշմարտություն, իսկ Հայաստանում օրեցօր արձանագրվող թանկացումների վերաբերյալ դժգոհություններն ու բողոքներն ուղղել ճիշտ հասցեով:
«Թանկացումները գալիս են արտասահմանից, բայց պատասխանը հետեւյալն է՝ մեր ժողովուրդը չի կարող ապրել, բայց մենք պետք է կարողանանք ձեւը գտնել ու ժողովրդին ցույց տանք մոտեցում՝ ինչպես ապրեն»,-ասաց Գալուստ Սահակյանն ու մատնացույց արեց լավ ապրելու իր մոտեցումն այն դեպքում, երբ չի նախատեսվում թոշակների եւ աշխատավարձերի բարձրացում. «Եթե ուզում ենք տարիներ հետո էնպիսի աշխատավարձ ունենանք, որ թոշակներ բարձրացնենք, պիտի կարողանանք էնպիսի հիմքեր ստեղծենք, որ դրան կարողանանք հասնել: Այս անգամ կառավարությունը գտնում է, որ այս երեք տարին այդպես պիտի լինի, բայց պիտի գա ժամանակաշրջան, որ բարձրանան թոշակներն ու աշխատավարձերը: Սա տնտեսագիտական ճիշտ տեսակետ է, որը չի բավարարում ժողովրդին: Էն ինչը, որ կառավարությունը բերել է, պետք է ճշմարիտ ընդունել, բայց էն ինչը, որ պիտի հաճելի լինի ժողովրդի համար, այդ հաճույքը չկա այս դեպքում»:




























