Իրաքի Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ իր պաշտոնին չի մնա նոյեմբերի 1-ին իր լիազորությունների ժամկետը լրանալուց հետո: Բարզանիի հայտարարությունն ընթերցվել է խորհրդարանի նիստում:
Բարզանիի ավագ օգնական Հեմին Հավրամին The Associated Press-ին հայտնել է, որ նախագահը խորհրդարանին նաեւ խնդրել է իր լիազորությունները բաժանել վարչապետի, խորհրդարանի եւ դատական մարմինների միջեւ:
Նա նշել է, որ Բարզանիի որոշմանը պետք է հավանություն տա Շորայի խորհուրդը, որը կարող է նրա մանդատը երկարացնել այնքան, մինչեւ ընտրություններն անցկացվեն: Նախագահական ընտրությունները 8 ամսով հետաձգվել են, քաղաքական կուսակցություններից ոչ մեկը դեռեւս թեկնածու չի առաջադրել
Ուղերձի համաձայն՝ լիազորությունների վերաբաշխման պատճառը խորհրդարանի լիազորությունների չորրորդ ժամկետի երկարաձգումն է մինչեւ նոր ընտրություններ, նախագահի թեկնածուների բացակայությունը, ներկայիս նախագահի ցանկություն չունենալը մնալու այդ պաշտոնում եւ իրավասություններում իրավական վակուումից խուսափելու անհրաժեշտությունը, որոնց պետք է հետեւի գործող նախագահը, փոխանցում է NRTTV-ն:
Ուղերձը նաեւ կոչ է պարունակում 2005 թվականի նախագահության մասին օրենքի սառեցման մասին, մինչեւ անցկացվեն խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները: «[Այս ուղերձում շարադրված] դրույթները ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, մինչեւ կընտրվի նոր նախագահ, իսկ նոր խորհրդարանը կսկսի իր հինգերորդ ժամկետը»,- նշված է ուղերձում:
Մինչդեռ, ինչպես հայտնում է Rudaw-ը, Բարզանիի հայտարարություններն ընթերցելուց հետո խորհրդարանի նիստը մեկ ժամով ընդհատվել է՝ լարված իրադրության պատճառով:
«Հանուն փոփոխության շարժում» (Ղորան) կուսակցությունը դեմ է հանդես եկել Քուրդիստանի նախագահի լիազորությունների բաշխման մեխանիզմին:
Կուսակցության անդամները կտրականապես դեմ են օրինագծին, որն առաջարկում է Բարզանիի լիազորությունների բաժանում կառավարության, խորհրդարանի եւ դատական խորհրդի միջեւ: Նրանք պնդում են, որ Բարզանիի լիազորությունները փոխանցվեն խորհրդարանի խոսնակին:




























