ԿՀՎ իրազեկիչը 1955 թվականին զեկուցել է, որ Ադոլֆ Հիտլերը, հնարավոր է, թաքնվում է Հարավային Ամերիկայում, հայտնում է Sputnik Brasil-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության գերատեսչության կայքը:
CIMELODY-3 կեղծանունով գործակալի զեկույցում նշված է, որ իր ենթական շփվել է նախկին ԷսԷս-ական Ֆիլիպ Սիթրոենի հետ, որն իբր պատերազմից հետո հանդիպել է Հիտլերի հետ: «Սիթրոենը, որը եղել է հոլանդական Թագավորական շոգենավային ընկերության աշխատակից, պնդել է, որ գրեթե ամիսը մեկ ֆյուրերի հետ շփվել է Մարակայբոյից (քաղաք Վենեսուելայում - խմբ) Կոլումբիա գոծուղումների ժամանակ»,- նշված է փաստաթղթում:
Իր ասածը հաստատելու համար Սիթրոենը իրազեկչին լուսանկար է ցույց տվել, որում իբր պատկերված են ինքն ու Հիտլերը 1954 թվականին Տունհա քաղաքում: Լուսանկարի պատճենը կցվել է զեկույցին: Նախկին ԷսԷս-ականը նաեւ պնդել է, որ մեկ տարի հետո ֆյուրերը Կոլումբիայից Արգենտինա է տեղափոխվել:
ԿՀՎ-ին չի հաջողվել պարզել այս տեղեկության հավաստիությունը:
Հինգշաբթի Միացյալ Նահանգները հասանելի է դարձրել ԿՀՎ արխիվների մոտ 3 հազար նյութ, այդ թվում՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու սպանությանը վերաբերող: Տվյալների բազան հասանելի է Ազգային արխիվի կայքում:




























