Մոսկվայի հետ 100 մլն դոլարի պաշտպանական վարկի վերաբերյալ համաձայնագիրը Երեւանը մինչեւ տարեվերջ կստորագրի: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:

«Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել այս համաձայնագրին: Առայժմ ստորագրման համար կոնկրետ ժամկետ չկա, բայց, հուսով եմ, մինչեւ նոր տարի կստորագրվի», - ասել է նա:

Հայաստանի կառավարության կողմից հոկտեմբերի 12-ին հավանության արժանացած համաձայնագրի նախագծի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը հայկական կողմին կտրամադրի պետական արտահանման վարկ ռուսական արտադրության ռազմական արտադրանքի մատակարարման ֆինանսավորման համար:

Համաձայնագրի նախագծում  նշվում է, որ վարկը, տարեկան 3 տոկոսադրույքով է, տրվում է 15 տարի մարման ժամկետով: 2018-2022 թվականներին Հայաստանը պետք է օգտագործի վարկային միջոցները:

2015 թվականի հունիսին Ռուսաստանի կողմից Հայասատանին 200 մլն դոլարի պետական արտահանման վարկի տրամադրման  համաձայնագիր ստորագրվեց ` ռուսական արտադրության ռազմական արտադրանք ձեռք բերելու համար: Վարկը  տրամադրվել է 13 տարի ժամկետով` երեք տարվա արտոնյալ ժամանակահատվածով, տարեկան երեք տոկոսադրույքով: