ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը կարծում է, որ ՀՀ օրենսդրությունը թույլ է տվել, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ազատվի ծառայությունից:

«Նա օրինազանցություն չի կատարել: Օրենքն է թույլ տվել ազատվել ծառայությունից»,-այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ օրերս պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզան Խաչատրյանը, իր ֆեյսբուքյան էջում խոսել էր բարձրաստիճան պաշտոնյայի մասին, որը ծառայությունից խուսափել էր եւ հետախուզվում էր, այնինչ այսօր խոսում է ծառայելու անհրաժեշտության մասին: Կարծիքներ կան, որ նախկին նախարարի կինը ակնարկում է հենց Վիգեն Սարգսյանին, ինչի մասին բարձրաձայնել է նաեւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Հերմինե Նաղդալյանը խորհուրդ տվեց հենց այդ տիկնոջից էլ հարցնել՝ ում նկատի ունի:

Ռուզաննա Խաչատրյանը մասնավորապես գրել էր. «....աչքիս զարնում է մի բարձրաստիճան պաշտոնյա, որ, ինքնագոհ, մատը թափ տալով, ճառում է զինվորական ծառայության, զորակոչի հավասարության և պետության համար կարևորագույն այլ հարցերի մասին: Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից... Եվ այսօր նա՝ իբրև մեծ «փիլիսոփա», իբրև մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով, փորձում է դաստիարակչական խորհուրդներ և խրատներ տալ մատաղ սերնդին։  Այստեղ մնում է միայն բացականչել․ «Օ ՜ , ժամանակներ, օ ՜ , բարքեր»։

․․․Ես անկեղծորեն հավատում եմ, որ քիչ ժամանակ է մնացել ինքնակոչ ամբարտավանությանը, որովհետև լատինական հզոր իմաստությունը հուշում է․ - ՈՉՆՉԻՑ ՈՉԻՆՉ Է ՍԵՐՈՒՄ»: