Եղեգնաձորի թիվ մեկ հիմնական դպրոցում օրերս շինարարական աշխատանքների ժամանակ շինարարները վաղ շրջանի հնածո իրեր են գտել. Շինարարությունը դադարեցվել է:

Այս առնչությամբ, Տարածքային զարգացման հիմնադրամից NEWS.am_ին հայտնում են հետեւյալը.

«Ասիական զարգացման բանկի եւ ՀՀ կառավարության  կնքած միջպետական համաձայնագրի շրջանակներում իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում  Երեւանում  եւ մարզերում նախատեսվում է     կառուցել կամ վերակառուցել 46 դպրոց:

Կառավարությունը հաստատել է իրականացվող 20 ծրագրերի ցանկը, որոնցից 14-ը Երեւան քաղաքում, իսկ 6-ը մարզերում: Այդ ծրագիրն իրականացնող կառույցը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է:

Վայոց  Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ մեկ հիմնական դպրոցի շինարարական աշխատանքներն իրականացնելիս, օրերս շինարարները հայտնաբերել են, նախնական գնահատմամբ, վաղ շրջանի հնածո իրեր: Արդյունքում, ժամանակավորապես  դադարեցվել են շինարարական աշխատանքները: 

Հիմնադրամը գրավոր դիմել է Մշակույթի նախարարությանը, որպեսզի, պատկան մարմինը, համաձայն  կատարված եզրակացության, համապատասխան  որոշումներ կայացնի հետագա աշխատանքների բնականոն ընթացքի վերաբերյալ»: