Հայկական կողմը խիստ անցանկալի եւ սխալ է համարում Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) խորհրդարանական վեհաժողովի՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ենթակայությունից դուրս գալը:
Ազգային ժողովի պատգամավոր, ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ առանձնանալու մասին նախաձեռնությունը երկու տարի առաջ է ներկայացվել եւ համապատասխան հռչակագիր է ընդունվել:
Հայկական կողմը դրան միանշանակ դեմ է արտահայտվում՝ հաշվի առնելով, որ գլխավոր քարտուղարը Ադրբեջանի ներկայացուցիչն է, ինչն էլ աշխատանքի վրա իր հետքն է թողնում:
«Խորհրդարանական այլ վեհաժողովների համեմատ՝ ՍԾՏՀ ԽՎ-ն ինքնուրույն չէ: Այն ենթարկվում է ՍԾՏՀԿ-ին: 12 անդամ երկրների համար առանձնացումը տրամաբանական է, բայց մեզ համար՝ ոչ, որովհետեւ ինչպես արդեն նշեցի, կա Թուրքիայի եւ Ադրբեջանի գործոնը», - ասել է նա:
Մինասյանն ասել է, որ հայկական կողմը առաջարկել է մի հայեցակարգ, ըստ որի, երկու կառույցներին հարիր չէ հռչակագրերի լեզվով խոսելը եւ հարցերը պետք է առաջնորդների երկկողմ հանդիպումների ժամանակ լուծել:
Կազմակերպության 25-ամյակի կապակցությամբ Հայաստանը հանդես է եկել երեք նախաձեռնություններով, որոնք առաջարկում է ընդգրկել փաստաթղթում:
Նախ` կազմակերպությունը պետք է տնտեսական լինի եւ խուսափի քաղաքական քննարկումներից: Պահպանի տնտեսական ուղղությունը, որը կարեւոր է տարածաշրջանի համար: Երկրորդ՝ կյանքը ցույց է տալիս, որ տնտեսական համագործակցությունը հանգեցնում է դրական միտումների եւ հակամարտության կարգավորման մթնոլորտի ստեղծման համար դուռ է բացում: Երրորդ, անընդունելի է, որ անդամ պետությունը երրորդ կողմին շրջափակման մեջ պահի:



























