2018 թվականին Կառավարությունը կփոխի արտաքին վարկերի ուղղությունը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին. ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով՝ ընդհանուր 236,6 մլրդ դրամի (մոտ 493 մլն դոլար) արտաքին միջոցներ կուղղվեն բյուջե կամ բոլոր ծախսերի 16 տոկոսը: Պետական պարտքի մարման համար 140,5 մլրդ դրամ կհատկացվի, ինչը բոլոր ծախսերի մոտ 10 տոկոսն է:
Վարկերն, առաջին հերթին, ենթակառուցվածքային նախագծերի համար ձեռք կբերվեն, որոնք կարող են ապահովել ապագա տնտեսական աճը: Վարկերի հաշվին ընթացիկ ծախսերը (սոցիալական եւ այլ) հնարավորինս քիչ են ֆինանսավորվելու:
«2015-2016 թվականներին մենք դա ստիպված էինք անում, որպեսզի դիմակայենք արտաքին տնտեսական ցնցումներին: Բայց հիմա վերադառնում ենք կանոնին. բյուջետային աշխատավարձերը եւ թոշակները մենք մեր միջոցներից պետք է վճարենք, իսկ վարկեր պետք է վերցնենք միայն նրա համար, ինչը կծածկի ծախսերը: Իսկ ճանապարհները, էլեկտրական, ոռոգման համակարգերը չեն կարող իրենց ծախսերը ծածկել, դրանք տնտեսությունը ավելի արդյունավետ են դարձնում: Մենք ներգրավում ենք արտաքին վարկերը: Միջինում հանրապետությունը մոտ 2 տոկոսով է վարկ է վերցնում, իսկ տնտեսության արտադրողականությունը միանշանակ ավելի է աճում», - ասել է Արամյանը:
Դրամաշնորհային միջոցներից 35,6 մլրդ դրամ բյուջե կուղղվի, որից 2,1 մլրդը նպատակային ծրագրերի համար, իսկ 6,6 մլրդ դրամը՝ բյուջեի աջակցման համար:




























