Վերջին օրերին Վանաձորի տարբեր հատվածներում ծառահատման դեպքեր են գրանցվում. մի քանի օր առաջ Վանաձորի Հալաբյան փողոցի հարակից մայթեզրին ծառահատման մասին ահազանգեց վանաձորցիներից մեկը, ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով հատված ծառի նկարը: Այսօր արդեն, վանաձորցի օգտատերերը ֆեյսբուքյան հարթակը ողողել են ծառահառման նոր լուսանկարներով:
«Ծառերի գիշերային սպանդը Վանաձորում նոր թափ է առնում: Նախորդ գիշեր 7 ծառ է հատվել թիվ 6 դպրոցի տարածքից: Վանդալիզմի այսօրինակ դրսեւորում չի եղել նույնիսկ 90-ականներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարինե Ավետիսյանը, տեղադրելով Վանաձորի թիվ 6 դպրոցի հարակից տարածքի հատված ծառերի լուսանկարները:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության, բնակֆոնդի ու համատիրությունները համակարգող բաժնի պետ Կարեն Պառավյանը վստահեցրեց՝ քաղաքի որեւէ հատվածում որեւէ ծառի հատման համար քաղաքապետարանը թույլտվություն չի տվել:
«Մի քանի օր առաջ Հալաբյան փողոցի վրա էլի ծառահատում էր եղել, համապատասխան մասնագետը զանգահարել է ոստիկանություն ու տեղեկացրել, որ ապօրինի ծառահատում է տեղի ունեցել: Եվ ոստիկանությունը պետք է զբաղվի այդ հարցով, գտնի այդ արարքը կատարողին: Այլ բան, կարծում եմ՝ քաղաքապետարանը չէր կարող կատարել: Հո ամեն ծառի մոտ պահակ չենք կարող դնել»,- նշեց նա:
Դպրոցին կից ծառերի հատման մասին բաժնի պետը տեղեկացել էր քիչ առաջ:
Եթե դպրոցի տարածքում է, դա համարվում է դպրոցի սեփականություն համարվող տարածք: Եթե մարդու սեփականության տարածքում է, մենք որեւէ իրավասություն չունենք թույլտվություն տանք հատելու կամ չհատելու: Նման դեպքերում էլ մենք զերծ ենք մնում թույլլտվություն տալուց անկախ նրանից դա ինչ չափի ու ինչ տեսակի ծառ է»,- ասաց բաժնի պետը:
Կապ հաստատեցինք նաեւ Վանաձորի թիվ 6 դպրոցի տնօրեն Նազելի Ասատրյանի հետ: Վերջինս նշեց, որ դպրոցի տարածքում ծառերը հատվել են իր թույլտվությամբ:
«Դրանք բարեկարգման նպատակով մենք որոշել ենք մաքրենք, որովհետեւ ինքնաճ ծառեր էին: Մեծացել էին ծառերը, էդ կողմը փակել, արեւի շող չէր ընկնում: Բացի դա անընդհատ էդ ծառերի վրա երեխեքը բարձրանում էին, վտանգավոր էր: Որոշել ենք էդ մասը կտրենք, մաքրվի, կանաչապատման նպատակով ենք այդ տարածքը օգտագործելու: Իմ որոշմամբ է հատումը եղել»,- տեղեկացրեց տնօրենը:
Հարցին՝ քանի՞ ծառ է հատվել, տնօրենը դժվարացավ ասել. «Դրանք մեծ ծառեր չէին, իրենցից արժեք չէին ներկայացնում»,- ասաց նա:
Հարցին՝ քաղաքապետարանից թույլտվություն ստացե՞լ են, տնօրենը պատասխանեց.
«Քաղաքապետարանը չի դրանք տնկել, որ ես քաղաքապետարանից թույլտվություն հարցնեմ, ոչ էլ դպրոցն է տնկել, ինքնաճ ծառեր էին»:
































