Մոսկվայում Մուսլիմ Մագոմաեւին նվիրված համերգի կազմակերպիչների խղճին է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունը չհնչեցնելը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերակցության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը:

«Հայաստանի մշակութային օրերը Ռուսաստանում հենց նրա համար են, որ մարդիկ ծանոթանան հայկական մշակույթի, հայ կոմպոզիտորների եւ մշակութային մյուս գործիչների հետ։ Իսկ կազուսներ հնարավոր են»,-ընդգծեց նա։

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանի էլ ընդգծեց․ «Գաղտնիք չէ, որ Մուսլիմ Մագոմաեւը դարձավ Մուսլիմ Մագոմաեւ այդ թվում Առնո Բաբաջանյանի երգերի շնորհիվ։ Իսկ նրա անունը չհնչեցնելը ռեզոնանս է առաջ բերել ոչ միայն Հայաստանում։ Ավելին, Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի ղեկավար Արա Բաբաջանյանի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից բողոքի նամակներ են ուղարկվել համերգի կազմակերպիչներին»։

Նրա կարծիքով, սա ակնառու է հատկապես երբ այդ երկրի դեսպանը Ռուսաստանում հանդիսանում է մշակութային գործիչ:

Հիշեցնենք, որ ռուսական առաջին ալիքով հոկտեմբերի 22-ին հեռարձակված Մուսլիմ Մագոմաեւի 75-ամյակին նվիրված համերգին Առնո Բաբաջանյանի անունը, որպես երգերի հեղինակ, չի նշվել, թեեւ հնչել են նրա երգերը: