Առաջիկայում կմշակվի Երեւանի արտաքին տեսքի եւ քաղաքային հարմարավետ միջավայրի ուղեցույց: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին, քաղաքապետի խորհրդական Վահագն Վերմիշյանին, գլխավոր դիզայներ Գառնիկ Ամատունյանին, աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի, ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչություններին, ինչպես նաեւ «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ին հանձնարարել է միջազգային փորձն ուսումնասիրելով ու համագործակցելով մասնագիտական կազմակերպությունների հետ ձեռնամուխ լինել Երեւան քաղաքի արտաքին տեսքի եւ քաղաքային հարմարավետ միջավայրի ուղեցույցի մշակման աշխատանքներին:
«Ակնկալում ենք ունենալ այնպիսի փաստաթուղթ, որտեղ գեղեցիկ եւ հարմարավետ քաղաքային միջավայր ունենալու մասնագիտորեն հիմնավորված հայեցակարգային մոտեցումներից բացի, փողոց առ փողոց նշված կլինեն այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ է իրականացնել՝ մայրաքաղաքն էլ ավելի հարմարավետ դարձնելու համար:
Ընդ որում, այդ ուղեցույցում պետք է ներառված լինի նաեւ ճարտարապետական եւ արտաքին տեսքի բոլոր բաղադրիչների ու տեսակների, ինչպես նաեւ քաղաքային գույքի տեղադրման մասին հստակ կանոնակարգ:
Անհրաժեշտության դեպքում աշխատանքներում ընդգրկեք նաեւ համապատասխան փորձ ունեցող կազմակերպություններին, ինչպես նաեւ «Երեւան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման եւ իրականացման հանձնաժողովի ներկայացուցիչներին: Համոզված եմ, որ նման ուղեցույց ունենալու պարագայում մենք կկարողանանք ապահովել ավելի գեղեցիկ, հարմարավետ ու մատչելի միջավայր», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:




























