2018 թվականին Հայաստանում Հյուսիս-Հարավ ճանապարհին 40-45 կիլոմետրը կբետոնապատվի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ելույթ ունենալով խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումներին:

Նրա խոսքով՝ ճանապարհի շինարարության համար Ասիական զարգացման,Եվրոպական ներդրումային եւ Եվրասիական զարգացման բանկերից ստացված վարկերից ընդհանուր 22,6 մլրդ դրամ (մոտ 47 մլն դոլար) կծախսվի:

Եվս 2,8 մլրդ դրամ կկազմի EIB-ի դրամաշնորհը: Ընդհանուր 84 կիլոմետրի աշխատանք կկատարվի, այդ թվում 40-45-ը՝ կբետոնապատվի:

Աշխատանքները կկատարվեն Աշտարակից Գյումրի ճանապարհահատվածում:

Արդյունքում Հայաստանի երկրոդ քաղաքից Երեւան ճանապարհը 2-ից 4 գիծ կդառնա եւ ասֆալտի փոխարեն բետոնով կպատվի:

Հյուսիս-Հարավ 4-րդ գծի ճանապարհը Իրանից վրացական սահման հասնելու ժամանակը կկրճատի:

Շինարարության ընդհանուր արժեքը նախկինում 960 մլն դոլար է գնահատվել, այնուհետ մոտավորապես՝ 1,5 մլրդ դոլար, այժմ՝ ավելի քան 2 մլրդ դոլար:

Այս պահին ծրագրով պայմանագրեր են ստորագրվել Ասիական զարգացման,Եվրոպական ներդրումային եւ Եվրասիական զարգացման բանկերի հետ: Նախագծի հիմնական վարկատուն Ասիական զարգացման բանկն է (մոտ 500 մլն դոլար):

Ճանապարհի շինարարությունը 2012-ին է սկսվել, սակայն անգամ առաջին հատվածը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ: