Տրանսպորտի նախարարության նախաձեռնած փոփոխությունները նպատակ ունեն ազատել ոլորտը անհատ տաքսիներից եւ ծաղկեցնել օնլայն տաքսիները, որի հետեւանքով անգործ մնացած տաքսիստները օնլայն տաքսիների վարձու աշխատողներ են դառնալու։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, «Նոյյան Տապան» մամուլի կենտրոնում հայտարարեց «Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության» նախագահ Սերգեյ Գյոզալյանը։
Նրա խոսքով, Տրանսպորտի նախարարությունը հազարավոր մարդկանց ճակատագրերի հետ է խաղում։ Ավելին , նախաձեռնված փոփոխությունները ոչ մի կապ չունեն տրանսպորտային երթեւեկության անվտանգության հետ։ «Չեմ զարմանա, որ Տրանսպորտի նախարարությունը օրենք ընդունի, որ տաքսիստները առավոտյան անպայման ձու պիտի ուտեն եւ պարտադիր այն կոտրեն սուր կողմից»,- հայտնեց նա։
Նրա փոխանցմամբ, անհատ վարորդներին անհատ ձեռներեցի վերածելն էլ նոր հարկային բեռ կավելացնի տաքսիստների ուսերին։ «Առանց այն էլ նրանք հիմա ունեն խոշոր պարտքեր, չվճարված տուրքեր, իսկ ապառիկ գնումներն էլ շատ հեշտ կարելի էր լուծել, օրինակ, Տրանսպորտի նախարարությունից համապատասխան տեղեկանք տալով, որ անձը հանդիսանում է լիցենզավորված վարորդ։ Ինչ վերաբերում է կենսաթոշակներին, կարելի էր բացել հաշիվ, որտեղ քաղաքացին ինքն իր կամքով կվճարեր որոշակի գումար, ձեւավորելով իր թոշակը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ լիցենզավորման կարգի մեջ կատարված փոփոխությունների համաձայն տաքսի ծառայություն մատոցող ավտոմեքենաները պետք է լինեն 6 տարուց ոչ հին, իսկ վարորդներն էլ պիտի գրանցվեն որպես անհատ ԱՁ (անհատ ձեռնարկատեր):




























