Պետական եկամուտների կոմիտեին գնում է փոքր եւ միջին ձեռներեցների վերջին կաշին քերթելու ճանապարհով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ի շենքի մոտ տոնավաճառների առեւտրականների բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Մենք պետք է հասկանանք, որ ճիշտ քայլերով պետք է գնանք առաջ: Եթե օրենքը մտավ ուժի մեջ, մարդ չի մնալու երկրում»,-ասաց նա եւ խնդրեց ակցիայի մասնակիցներին ներկայացնել իրենց առաջաևկները, որ իրենք դրանք ներկայացնեն ԱԺ-ում:
«Համերաշխություն» ՀԿ-ի ղեկավար Արմեն Մովսիսյանն ասաց, որ իրենք խպահանջում են, որ դադարեցնեն տոնավաճառներում ահաբեկել մարդկանց. «Ապրանք առնողից փաստաթուղթ են ուզում, ապրանք բերողից փաստաթուղթ են ուզում, Ա կետից Բ կետ ապրանք տեղափոխելու համար նորից փաստաթուղթ են ուզում»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք համաձայն են վճարել հարկերը, այսինքն յուրաքանչյուր կիլոգրամ ապրանքի համար վճարեն 3 դոլար եւ տեղափոխման համար եւս 20 ցենտ:
Առեւտրականների հետ հանդիպել են նաեւ «Ժառուկյան» դաշինքի պատգամավորներ Միքայել Մելքումյանը եւ Վահե Էնֆիաջյանը:
Միքայել Մելքումյանն իր խոսքում նշեց, որ երբ 2019 թվականից ուժի մեջ մտնի Հարկային օրենսգիրքը, շատ խնդիրներ են ի հայտ գալու. «Մենք առաջարկել ենք շրջանառության հարկի շեմը նույնը թողել: 2019 թվականի հունվարի 1-ից այդ շեմը 115 մլն դրամից դառնալու է 58,3 մլն դրամ: Կառավարությունը մերժեց այդ առաջարկը: Ճիշտ է, բոլորը պետք է հարկվեն, բայց հարկայինը չպետք է առանց այդ էլ քիչ եկամուտ ստացողների համար դառնա մահակ, որը ճնշում է եւ պահանջում, որ ամենավերջին տառը պետք է կատարվի: Պետք է տալ ազատություններ»:
Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այս առնչությամբ նշել էր, որ բոլորը պետք է հարկվեն:



























