Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Էդուարդ Աղջանյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավագանու նիստում բարձրաձայնեց Երեւանի բազմաբնակարան շենքերի առաջին հարկում գործող կարաոկեների, գիշերային ակումբերի խնդիրը: Նա հարց ուղղեց քաղաքապետին՝ նշելով, որ իրենց խմբակցությունը բազմաթիվ քաղաքացիներից բողոքներ է ստացել ուշ ժամերին իրենց շենքի առաջին հարկում գործող օբյեկտներում բարձր երաժշտություն միացնելու, դրանց դիմաց ծեծկռտուքների եւ այլ միջադեպերի ականատես լինելու վերաբերյալ:

Ավագանու անդամի բարձրացրած այս խնդիրը քաղաքապետին հունից հանեց, նա դիմելով Էդուարդ Աղաջանյանին, նշեց. «Իմ կարծիքով դուք լավ տիրապետում եք, լավ տեղյակ եք, որ մենք օրենսդրական փոփոխություն ենք նախաձեռնել բազմաբնակարան շենքերում, կրթական եւ մշակութային օջախների մոտ արգելելու նման օբյեկտների գործունեությունը, դուք ձեզ դրսեւորում եք, որ կարդացած եք, տեսած եք, բայց քաղաքապետարանը էդ ի՞նչ պետք ա աներ, եթե կարար աներ, խի՞ էր օրենսդրական փոփոխությամբ հանդես գալիս: Սրա մասին ա, լսեք, պարոն Աղաջանյան, ուղղակի տենց պոպուլիստական ելույթներ եք ունենում, ցույց եք տալիս, որ խնդիրը բարձրացրիք: Ես նաեւ ձեր խմբակցության հետ հանդիպման ժամանակ ասել եմ, թե ինչ օրենքներում ենք փոփոխություններ իրականացնելու: Հիմա էդ օրենքում փոփոխություն ենք իրականացնում, դուք դուրս եք եկել նիստին, ինձի էդ հարցերն եք տալիս, որ մեր ընտրողների մոտ երեւա, որ դուք բարձրաձայնել եք»,-պատասխանեց քաղաքապետը: