Անլուրջ է մտածել, թե պետական սեկտորից ազատված բժիշկը կամ ուսուցիչը գնալու է հանքում աշխատելու։ Այս մասին հոկտեմբերի 31-ին՝ 2018-ի բյուջեի քննարկման ժամանակ, ասել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշել է, որ այս տարի պետական սեկտորից ազատվել է 700 մարդ, ապագայում պլանավորում են ազատել եւս 5560-ի։ «Օպտիմալացում գեղեցիկ անուն են հորինել եւ դրա քողի տակա կրճատում են մարդկանց»,- ասաց Զոհրաբյանը։
Դրան ի պատասխան՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ տնտեսական ակտիվությունն աճում է, եւ մասնավոր սեկտորում աշխատատեղեր կան։ «Կարծում եմ, որ նրանք, ովքեր փորձում են իրենց տեղը գտնել մասնավոր սեկտորում, արժանի այլընտրանք կգտնեն։ Ստեղծվում են հազարավոր աշխատատեղեր»,- ասել է նա։
«Ինչպե՞ս եք Դուք դա պատկերացնում։ Պոլիկլինիկայից բժշկին ազատել են, նա ի՞նչ է պիտի գնա Ամուլսարի հանքում աշխատի՞»,- պատասխանեց Զոհրաբյանը։



























