Գերմանիայի Ներքին  գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հայտնել է, որ ահաբեկչության մեջ կասկածվող սիրիացուն Շվերինում ձերբակալելով՝ օրինապահ մարմիններին հաջողվել է կանխել Գերմանիայում հզոր ահաբեկչական գործողություն։

«Մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ ձերբակալումը տեղի է ունեցել անհրաժեշտ պահին՝ բավական ուշ ապացույցներ հավաքելու համար եւ, միաժամանակ, բավական շուտ՝ վտանգը երաշխավորված ձեւով վերացնելու համար»,- հայտնել է նա, փոխանցում է DW-ն:

Նախարարը գովել է իսլամիստի ձերբակալման գործողությունը նախապատրաստած ու իրականացրած որոշ գերատեսչությունների «գերազանց աշխատանքը»:

«Շնորհակալ եմ Սահմանադրության պահպանման գերատեսչության, քրեական հետախուզության, ոստիկանության դաշնային ու տարածաշրջանային հատուկ ստորաբաժանումների եւ իրավաբանական մարմինների աշխատակիցներին, ովքեր ամեն օր հոգ են տանում մեր անվտանգության մասին»,- ընդգծել է նա:

Միեւնույն ժամանակ դե Մեզյերը հիշեցրել է, որ Գերմանիայում ահաբեկչության վտանգը մնում է բարձր մակարդակի վրա: