Հոկտեմբերի 31-ին գումարված Երեւանի ավագանու հերթական նիստում, որը վարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու քննարկմանն է ներկայացվել Երեւանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Նախագիծը ներկայացնելով՝  Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ ծրագրի հիմնական նպատակն է նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները՝ հիմք ընդունելով մայրաքաղաքի զարգացման գերակայությունները, առկա հիմնախնդիրները եւ ֆինանսավորման հնարավորությունները։

Փոխքաղաքապետի հավաստմամբ՝ ծրագիրը միտված է քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների՝ ժամանակի պահանջներին համահունչ զարգացմանը, ինչի շնորհիվ ակնկալվում է ապահովել քաղաքի համաչափ եւ կայուն զարգացումը։ Ըստ այդմ, ծրագրում կարեւորվել է բարեկարգ եւ հարմարավետ միջավայրի ապահովումն ինչպես Երեւանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար, մասնավորապես հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի եւ բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձեւավորումը, հարմարավետ եւ անվտանգ տեղաշարժի ապահովումը, համայնք-մասնավոր հատված համագործակցության խրախուսումը եւ համատեղ իրագործվող ծրագրերի շրջանակի ընդլայնումը:

Վահե Նիկոյանը  նաեւ տեղեկացրել է, որ մինչ ավագանու քննարկմանը ներկայացնելը Երեւանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագիրն անցել է հանրային քննարկման փուլ, որից հետո դրական եզրակացության արժանացել Երեւանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի եւ տարեկան բյուջեի կառավարման խորհրդի կողմից:

Այնուհետեւ Վահե Նիկոյանը պատասխանել է ծրագրի հետ կապված ավագանու անդամների հարցերին, որոնց հաջորդած ելույթներից հետո Երեւանի ավագանին քվեարկությամբ հաստատել է Երեւանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագիրը:

Երեւանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը եւս արժանացել են Երեւանի ավագանու հավանությանը:

Ավագանու հերթական նիստին հաջորդել է հարց ու պատասխանը, որի ընթացքում Երեւանի քաղաքապետը, վարչական շրջանների ղեկավարներն ու աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:

Երեւանի ավագանու հերթական՝ հաջորդ նիստը կգումարվի ս.թ. նոյեմբերի 29-ին: