Իսպանիայի դատական պալատը Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին եւ կառավարության այլ նախկին անդամների կանչել է ցուցմունք տալու։ Այս մասին հայտնում է La Vanguardia-ն։

Նրանց պարտավորեցրել են դատարան ներկայանալ նոյեմբերի 2-ին եւ 3-ին։ Հաղորդվում է, որ չներկայանալու դեպքում նրանցից յուրաքանչյուրի դեմ հետախուզում կհայտարարվի։ Եթե նրանք որոշեն մնալ Բելգիայում, Մադրիդի հարցման հիման վրա նրանց կկալանավորեն բելգիացի ոստիկանները։

Պարբերականի տեղեկություններով՝ նրանց մեղադրում են ապստամբություն կազմակերպելու մեջ։

Նշենք, որ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին հռչակել  էր իր անկախությունը։ Դրանից հետո Մադրիդը գործի էր դրել Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս Կատալոնիայում անմիջական կառավարում սահմանել, եւ պաշտոնանկ էր արել ժեներալիտետի ղեկավար Կառլես Պուչդեմոնին, որը հեռացել է Բելգիա։ Իսպանիայի սենատը ցրել է  Կատալոնիայի խորրհրդարանը եւ դեկտեմբերի 21-ին արտահերթ ընտրություններ նշանակել։