Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանից 120 բողոք է քննում՝ կապված սեփականության իրավունքի խախտման հետ: Այս մասին նշված է ՄԻԵԴ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է Turan-ը:
Աղբյուրի համաձայն՝ 120 գործը միավորված է 5 վարույթում: Հայցվորները երկրի շրջաններում բնակարանների եւ կոմերցիոն օբյեկտների սեփականատերեր են: Նրանց օբյեկտները քանդվել են, եւ նրանք չեն համաձայնվել փոխհատուցման չափին, իսկ տեղական դատարանները նրանց հայցերը մերժել են: Որոշ հայցվորների բնակարանների օրդեր է տրվել, սակայն նրանք չեն կարողացել բնակարանը ստանալ: Հայցվորների եւս մեկ խումբ բողոքում է հողի սեփականության իրենց իրավունքի անհիմն չեղարկման եւ դատարանների կողմից իրենց իրավունքները վերականգնելու պահանջի մերժման պատճառով:
ՄԻԵԴ-ն այս բողոքներով հաղորդակցություն է սկսել՝ Ադրբեջանի կառավարությանը 3 ամիս ժամանակ տալով առաջադրված հարցերին պատասխանելու համար: Բողոքներում բարձրացված են արդար դատաքննութան իրավունքի խախտման, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի եւ այլ հարցեր: Հայցվորները պահանջում են նյութական եւ բարոյական վնասի համապատասխան փոխհատուցման վճարում:




























