Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով արդեն մեկ տարուց ավելի կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանը 25 օր տեւած հացադուլից հետո շարունակում է մնալ հյուծված եւ տկար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
Նա նշեց, որ իր պաշտպանյալն այդ վիճակում շարունակում է մնալ ընդհանուր խցում եւ որպես բողոքի նշան հրաժարվել է նշանակված դեղորայքից: Չնայած, հացադուլից հետո նրա մոտ առաջացել են երիկամների, սրտի հետ կապված խնդիրներ, ոտքերն այտուցված են: Ներսես Պողոսյանը հացադուլով պահանջում էր Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավարության լիարժեք հրապարակայնություն, իրեն վիրավորած դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկ եւ իր խափանման միջոց կալանքի փոփոխում:
Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:



























