Թալանի հակասահմանադրական մեխանիզմը նոր թափ է ստանում: Այս մասին հայտարարություն է տարածել «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից ներկայացված օրինագծերի փաթեթին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածում 2014թ. կատարված փոփոխությունների ուժով՝ անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա գանձման ենթակա դրամական պահանջը 200.000 ՀՀ դրամը չգերազանցելու դեպքում (իսկ այդ ակտերի 95%-ից ավելին չի գերազանցում նշված շեմը) գործում է բռնագանձման արտադատական ընթացակարգ:

Այժմ էլ նոր բերված նախագծերի փաթեթով առաջարկվում է այդ շեմը բարձրացնել մինչեւ 500.000 ՀՀ դրամ:

Այսինքն, ինչպես բազմիցս ենք նշել, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի եւ մի շարք այլ օրենքների ներկա խմբագրությամբ վարչական մարմինների կայացրած ակտերի հիման վրա քաղաքացիները սեփականազրկվում են՝ առանց իրացնելու լսված լինելու իրենց իրավունքն ու հնարավորությունը, ինչն ամրագրված է ՀՀ Սահմանադրության եւ ՄԻԵԿ մակարդակով:

Անհամաձայնության դեպքում քաղաքացին ինքը պետք է դիմի վարչական դատարան՝ բողոքարկելով վարչական մարմնի կայացրած ակտը, այնինչ վարչական դատավարության օրենսգիրքը հայցադիմումի կազմման այնպիսի պայմաններ է առաջադրել, որ իրավաբանական կրթություն չունեցող միջին վիճակագրական քաղաքացու կողմից այն կազմվելու դեպքում հնարավոր է, որ անգամ վարույթ ընդունվելու փուլը չհաղթահարի:

Արդեն մի քանի տարի է, ինչ արդարադատության նախարարությունն իր առջեւ գերխնդիր է դրել բեռնաթափելու դատարանները, սակայն կիրառված մեթոդը բոլորովին չի արդարացվում այդ նպատակով, քանի որ դատարանների բեռնաթափման հաշվին զանգվածային ոտնահարման են ենթարկվում հատկապես իրավագիտակցության ցածր մակարդակ ունեցող քաղաքացիների իրավունքները, նրանց հաշվին լցվում է պետական բյուջեն, հարկադիր ծառայության արտաբյուջետային հաշիվը, ինչպես նաեւ սնվում են ճանապարհային երթեւեկության որոշ կանոնների խախտման համար գանձվող տուգանքներից բաժին ստացող մասնավոր եւ այլ կառույցներ:

Գործող կարգավորմամբ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով՝ սահմանված ժամկետները լրանալուն պես վարչական ակտը դառնում է անբողոքարկելի եւ նույն օրենքի 88-րդ հոդվածի ուժով ենթակա է կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով: Փաստորեն վարչական մարմնի բեռը դրվում է քաղաքացու վրա, այնինչ քաղաքացին վճարում է հարկ, որպեսզի վարչական մարմիններն իրեն համապատասխան ծառայություններ մատուցեն:

Իմ կողմից 2015թ. ներկայացված նախագծերի փաթեթով վարչական օրենսդրությունը վերադարձվում էր նախկին՝ իրավաչափ խմբագրությանը, որով մասնավորապես տուգանքի դիմաց գույքի բռնագրավում եւ/կամ արգելադրում իրականացնելու վարչական մարմինների իրավունքները վերացվում են, սակայն հայտնի պատճառներով նախագիծն այդպես էլ օրենք չդարձավ, այժմ էլ քաղաքացիների իրավունքներն էլ ավելի մասշտաբային կերպով ոտնահարելու փորձ է կատարվում»: