Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ նոյեմբերի 1-ին, այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենյակ՝ ծանոթացել կառույցի 25-ամյա գործունեությանը եւ ծրագրերին: Ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ կառավարության ղեկավարը հիմնադրամին է փոխանցել իր մեկ տարվա աշխատավարձը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ծանոթացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստորաբաժանումների գործունեության պայմաններին եւ կատարվող աշխատանքներին: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշել է, որ 25 տարվա ընթացքում Հայաստանում եւ Արցախում շուրջ 500.000 շահառուի համար իրականացվել է ավելի քան 50. 000 ծրագիր՝ 330 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, իսկ նվիրատուների թիվն ամբողջ աշխարհում հասնում է 700.000-ի: Նա մանրամասներ է ներկայացրել հիմնադրամի ընթացիկ ծրագրերի եւ ամենամյա դրամահավաքի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնն այս տարի տեղի  է ունենալու նոյեմբերի 23-ին. հանգանակություններն ուղղվելու են Արցախի ոռոգման համակարգի կառուցմանը եւ արեւային էներգիայի կիրառման հնարավորությունների ստեղծմանը: