ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր՝ նոյեմբերի 1-ին, ընդունել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի Ալ-Զիբարիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին վերոնշյալ հանձնաժողովի, ինչպես նաեւ Իրաք-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամները:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Կարայանն իր խոսքում նշել է, որ չնայած երկու երկրների տնտեսական հարաբերությունները աճի միտումներ ունեն, սակայն դեռ կա առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ։
Աբդելբարի Ալ-Զիբարին, համաձայնելով նախարարի հետ, նշել է, որ իրենց նույնպես չեն բավարարում տնտեսական համագործակցության առկա ցուցանիշները եւ առաջարկել է մեկտեղել ջանքերը դրանց աճն ապահովելու հարցում, այդ թվում՝ զբոասշրջության ոլորտում։
Իրաքցի պաշտոնյան հավելել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի Երեւանի փողոցներում ավելի շատ իրաքցի զբոսաշրջիկներ լինեն, քանի որ Իրաքի ժողովուրդը շատ լավ է վերաբերվում հայերին եւ բարձր է գնահատում հայկական հյուրասիրությունը։ «Իրաքի հայկական համայնքը եւս մշտապես առանձնացել է գործարար, մշակութային եւ այլ բարձր ունակություններով», - նշել է նա։
Իրաքցի խորհրդարանականները նախարար Կարայանին հրավիրել են Իրաք՝ տեղում քննարկելու երկու երկրների տնտեսական համագործակցության հեռանկարները։



























