Կարող եմ ցնցել համայնքի ընտրողների հասարակական գիտակցությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Գորիսի քաղաքապետի թեկնածու Սամվել Հարությունյանը: Նա ՀՀԿ-ի կողմից առաջադրված Առուշ Առուշանյանի միակ մրցակիցն է: Գորիսում շրջանառվող լուրերի համաձայն Սամվել Հարությունյանին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ խաչատրյանն է սատարում, ում հետ Հարությունյանը երկար տարիներ լուրջ հակասությունների մեջ է եղել:
NEWS. am-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ընթացքում Սամվել Հարությունյանը նշեց, որ ինքնաառաջադրվել է. «Մարդիկ, ովքեր նախկինում շատ տարբեր պատճառներով չէին վստահում ինձ եւ իմ օգտին ձայն չէին տալիս, իսկ նրանք շատ են, հիմա ինձ առաջադրվելու առաջարկ են արել»,- նշել է Հարությունյանը՝ ավելացնելով. «Ես շատ լուրջ ծրագիր ունեմ, սպասեք անակնկալների: Վստահ եմ, որ կարող եմ ցնցել համայնքի ընտրողների հասարակական գիտակցությունը, այնպիսի ծրագիր առաջարկել, որով հնարավոր կլինի սեղմ ժամկետում վերազարթոնք ապահովել Գորիսում, այնպիսի քայլեր ձեռնարկել, որպեսզի փոխվի բարեյահագոգեբանական մթնոլորտը»:
Հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ երկար տարիներ Սուրիկ Խաչատրյանին բազմաթիվ հանցագործություններում մեղադրելուց հետո կրկին բարիդրացիական հարաբերությունների մեջ են, Սամվել Հարությունյանը պատասխանեց. «Այդ մասին խոսում են այն մարդիկ, ովքեր 20 եւ ավելի տարիներ օգտվել են Սուրիկ Խաչատրյանի բարեհաճությունից, նրա իշխանավարման տարիներին միլիոնավոր դոլարների կարողություն են ստեղծել եւ երբ սասանվել է նրա իշխանությունը առաջինն են դավաճանել եւ ցույց են տալիս՝ իբր պայքարում են»:



























