ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակների իրականացման գործում կարեւոր տեղ է զբաղեցնում կրթությունը: Հայաստանը սերտորեն համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ` Հայաստանի Բարձրագույն կրթության՝ 2017-2030թթ. ռազմավարության մշակման գործում: Այս մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 39- րդ նստաշրջանին ելույթի ժամանակ ասել  է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը համահեղինակել եւ աջակցել է կրթությանն առնչվող մի շարք նախաձեռնությունների, ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում: «Կրթությունը, գիտությունը եւ գիտելիքների հանդեպ ձգտումը հայ հասարակությունում խոր արմատներ ունեն: Երկու տարի անց մեր մայրաքաղաք Երեւանի պետական համալսարանը նշելու է իր 100-ամյակը: Դեռեւս 800 տարի առաջ Կիլիկյան հայկական թագավորության մայրաքաղաքը ունեցել է աշխարհիկ բարձրագույն ուսումնական հաստատություն` Սսի համալսարանը: Դարեր շարունակ հայերը պահպանել են կրթական այս ավանդույթները, այդ թվում՝ դպրոցներ հիմնելով աշխարհի տարբեր վայրերում»,- ասել է նախարարը։

Նալբանդյանը հիշեցրել է, որ կրթությունը զորեղ գործիք է այս կազմակերպության կողմից որդեգրած արժեքները խթանելու համար եւ ափսոսանք է հայտնել, որ որոշ պետություններ կրթությունն օգտագործում են հակադիր նպատակներով՝ դրա միջոցով ազգայնական ատելություն սերմանելով, հատկապես երիտասարդների շրջանում: «Ադրբեջանի դասագրքերում բազմաթիվ նման օրինակներ կան. դրանցից մեկը երեխաներին սովորեցնում է, որ հայերն իրենց գենետիկ թշնամիներն են: Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի 2016թ. զեկույցում նշված է, որ «Ադրբեջանի քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները եւ լրատվամիջոցները շարունակել են հայերի նկատմամբ ատելությամբ լի կոչեր հնչեցնել. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով ատելության այս հռետորաբանությանը»: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կանոնադրության մեջ արդարացիորեն ամրագրված է, որ «պատերազմները սկսվում են մարդկանց ուղեղներում»: Հասարակությունները պատրաստ չեն լինի հաշտեցմանը, եթե նրանց գիտակցության մեջ չամրագրվի խաղաղության պաշտպանության անհրաժեշտությունը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նալբանդյանը շեշտել է, որ պատմականորեն գտնվելով տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում՝ Հայաստանը ձեւավորել է այլ մշակույթների եւ կրոնների նկատմամբ հարգանքի եւ համակեցության խորը արմատներ ունեցող ավանդույթներ: Ահա թե ինչու Հայաստանում պահպանվում է հարուստ մշակութային ժառանգություն, որն ի թիվս այլոց, ներառում է hելլենիստական դարաշրջանի տաճար, հնագույն եկեղեցիներ, միջնադարյան հրեական գերեզմանատուն, 18-րդ դարի մզկիթ, իսկ շուտով այստեղ կավարտվի աշխարհի ամենամեծ եզդիական տաճարի կառուցումը:

Մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված հիմնասյուների շարքում է։ Այն հատուկ նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ մենք շատ հուշարձաններ ունենք ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, որոնք կառուցվել են աշխարհի շուրջ հարյուր երկրներում ապրող հայերի կողմից:

Մեր հարեւանները տարբեր վերաբերմունք են ցուցաբերել հայկական պատմական ժառանգության պահպանման հարցում: Առկա է լավ համագործակցություն Իրանի հետ, որը պատշաճ կերպով հոգ է տանում իր տարածքում գտնվող հայկական հուշարձանների մասին՝ ի տարբերություն հարեւան Ադրբեջանի, բայց նաեւ Թուրքիայի, որտեղ համամարդկային արժեք ունեցող բազմաթիվ մշակութային հուշարձաններ կորսվել են հավիտյան: Այս առումով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի շահագրգռվածությունը Թուրքիայի այնպիսի վայրերում, ինչպիսիք են, օրինակ, հայկական միջնադարյան մայրաքաղաք Անին, իրականացվող պեղումներում եւ վերականգնման աշխատանքներում մեր մասնագետների մասնակցության հարցում:

Նալբանդյանը Հայաստանի մտահոգությունն է հայտնել պատերազմից տուժած Սիրիայում հայկական հուշարձանների եւ սրբավայրերի վրա իրականացված հարձակումների կապակցությամբ: «Խորապես համոզված ենք, որ Սիրիայում հետ-հակամարտության վերականգնման գործընթացը պետք է վերահաստատի ազգային ու կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի իրավունքներն իրենց կրոնական եւ մշակութային ժառանգության նկատմամբ:

Այս տարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց 2347 բանաձեւը, որն ափսոսանք է հայտնում եւ դատապարտում է մշակութային ժառանգության, կրոնական վայրերի ապօրինի ոչնչացումը հատկապես ահաբեկչական խմբավորումների կողմից: Հուսով ենք, որ միջազգային հանրությունն ակտիվորեն կշարունակի այս ջանքերը»,- հավելել  է նա։

Նա նաեւ ուշադրություն է հրավիրել Հայաստանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցի համար ներկայացված երկու տարեդարձերին:

«2016 թվականի համար Ֆրանսիայի եւ Նիդերլանդների աջակցությամբ մենք առաջադրեցինք Հայաստանում առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը: Սա իրապես նշանավոր իրադարձություն էր ոչ միայն հայ գրքի տպագրության 500-ամյա պատմության համար, այլեւ խորհրդանշական մի ազգի համար, որը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել է ավելի քան 1700 տարի առաջ եւ որի կողմից իրականացված Սուրբ Աստվածաշնչի թարգմանությունն առաջիններից էր աշխարհում:

2017 թվականի համար Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ եւ Իտալիայի աջակցությամբ մենք առաջարկել ենք աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը»,- եզրափակել  է նախարարը։

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Ներկայումս առավել բարձր է այնպիսի ջանքերի պահանջարկը, որոնք մարդկանց գիտակցության մեջ ներդնում եւ ամրապնդում են խաղաղության գաղափարը, որոնք մեր տարբերությունները վերածում են առավելության, պահպանում եւ օգտագործում են մեր ընդհանուր ժառանգությունը` որպես կամուրջ սերունդների, մշակույթների եւ ժողովուրդների միջեւ: Հայաստանը խորապես հավատում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս առաքելությանը եւ պատրաստ է շարունակել իր ներդրումն այդ նպատակների իրագործման համար: