«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի է ունեցել ՀՅԴ բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հերթական համատեղ ընդլայնված նիստը, որի արդյունքում նաեւ հայտարարություն է տարածվել: ՀՅԴ-ի ղեկավար այս մարմինների նիստերը միշտ չէ, որ ավարտվում են հայտարարությամբ: Նման բան տեղի է ունենում միայն, եթե դրա անհրաժեշտությունը բխում է ներքաղաքական իրավիճակից:
Մասնավորապես, այս ժամանակահատվածում, երբ մի քանի ամսից երկրում լուրջ քաղաքական փոփոխություններ են սպասվում՝ Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի եւ կառավարման խորհրդարանական համակարգին վերջնական անցում կատարելով պայմանավորված, ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հայտարարությունը առանձնահատուկ ուշադրության է արժանի:
Արդեն երկար ժամանակ է, մամուլը գրում է, որ 2018-ին կարող են կոալիցիոն փոփոխություններ տեղի ունենալ: Չեն բացառվում այնպիսի զարգացումներ, որտեղ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի նաեւ ԲՀԿ-ն: Փոխվարչապետի պաշտոնի հավակնորդներն են շատացել. օրեր առաջ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը ըստ էության հաստատեց, որ ՀՅԴ-ն հավակնում է նոր կառավարությունում ավելացնել իր պորտֆելները եւ չբացառեց, որ ինքը կարող է փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնել:
Բնականաբար, եթե ԲՀԿ-ում որեւէ կերպ քննարկում են 2018-ին կոալիցիա կազմելու տարբերակը, ապա ավելի լեգիտիմ հավակնություններ կարող են ունենալ փոխվարչապետի պաշտոնի համար, քանի որ խորհրդարանում երկրորդ ուժն են: Ըստ մամուլի հրապարակումների, փոխվարչապետ նշանակվելուն դեմ չէ նաեւ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը, որն, ի դեպ, այսօր ասուլիս է հրավիրել, եւ ակնկալիքներ կան, որ կանդրադառնա նաեւ այս հարցին:
Ասել է թե, այն ժամանակ, երբ հանրային ուշադրությունը կենտրոնացած է միայն այն հարցի վրա, թե ով է լինելու 2018-ին ՀՀ վարչապետը, քաղաքական ուժերի ներսում 2018-ի կառավարության ձեւավորման շուրջ լուրջ խմորումներ են ընթանում: Կոնկրետ փոխվարչապետի պորտֆելի համար մեծ մրցակցություն կա, բնականաբար, նաեւ վտանգի տակ են ՀՅԴ-ին նախորդ կոալիցիոն հուշագրով տրված նախարարական պորտֆելներն ու մարզպետների տեղերը: ՀՅԴ-ի երեկվա հայտարարությունն, ըստ այդմ, պետք է դիտարկել ընդհատակյա այս խմորումների համատեքստում:
«Հանդես գալով բացման խոսքով՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ կարեւոր է անդրադառնալ՝ արդյոք, մաս կազմելով Հայաստանի պետական կառավարման գործին, իրականացվո՞ւմ են Դաշնակցության առաջադրած նպատակներն ու խնդիրները, քաղաքական համագործակցությունն ու հանձն առած պատասխանատվությունը ապահովո՞ւմ են երկրի զարգացման դրական ընթացքը»,-ասված է հայտարարության մեջ:
ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցության հուշագիր ստորագրեց խորհրդարանական ընտրություններից հետո, եւ անցած վեց ամսվա ընթացքում որեւէ անգամ կասկածի տակ չի դրել այս համագործակցությունը, արդյո՞ք իրականացվում են իրենց առաջադրած նպատակները եւ այլն: Երեկվա հայտարարության տոնայնությունն այս առումով բավականին բացասական է:
«Երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը դեռեւս բեկումնային փոփոխությունների չի ենթարկվել, թեեւ առկա են որոշ դրական տեղաշարժեր եւ արդյունքներ: Առանցքային են մնում ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման հարցերը՝ տեղի ունեցող թանկացումների, գործազրկության բարձր մակարդակի, արտագաղթի պայմաններում», «Սոցիալական արդարության հաստատումն ու այդ ուղղությամբ աշխատանքը ՀՅԴ առաջնային խնդիրն է»: «Առաջնային խնդիր է մնում պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, բյուրոկրատական մեխանիզմների պարզեցումն ու որոշումների կայացման եւ գործադրման արդյունավետությունը»: «Առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի ներդրումը, որը պետք է երկրում ապահովի արդարության եւ իրավահավասարության իրական միջավայր»:
Դաշնակցությունում դժգոհ են նաեւ կրթության ոլորտում տիրող վիճակից, բնական միջավայրի եւ ռեսուրսների կառավարման անարդյունավետությունից, ոլորտում ներդրումների համար դրական միջավայրի բացակայությունից եւ այլն: Ըստ էության, հայտարարությունից այնպիսի տպավորություն է, որ ՀՅԴ-ն այնքան էլ գոհ չէ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու արդյունքներից, որովհետեւ այն խնդիրները, որոնք նշվում էին, որ պետք է լուծվեն կոալիցիոն կառավարում ձեւավորելու արդյունքում, նույն տեղում դոփում են:
Կարեւոր է, որ հայտարարության մեջ առհասարակ նշված չեն կետեր, որոնք ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության արդյունքում ունեցած ձեռքբերումներ կներկայացվեին: Դա նշանակում է, որ այդպիսիք չկան, հակառակ դեպքում անպայման տեղ կգտնեին հայտարարության մեջ: Կամ եթե նույնիսկ կան, ՀՅԴ-ում ուղղակի անիմաստ են համարել դրանց մասին խոսելը, որովհետեւ այդ կոալիցիան իրականում արդեն անցյալում է, իսկ նոր կոալիցիա ձեւավորելու հետ կապված խորը կասկածներ կան:
Եթե ՀՅԴ-ում վստահ չեն, որ 2018-ին կրկին կառավարության մաս են կազմելու, ինչու ավելորդ գովերգություններով զբաղվել: ՀՅԴ-ի սույն հայտարարությունն իրականում ազդարարում է 2017-ի քաղաքական հուշագրի ավարտը եւ 2018-ի կառավարության շուրջ բանակցությունների սկիզբը: «Այս հաստատումների համատեքստում, քաղաքական համագործակցության շրջանակներում, ՀՅԴ-ն առաջնորդվելու է նախաձեռնողականության ու ինքնուրույնության գործելակերպով»,-ասվում է հայտարարության մեջ:
Նախաձեռնողականություն եւ ինքնուրույնություն բառերը իրականում նախազգուշական նշանակություն ունեն: Ընդ որում՝ Սերժ Սարգսյանը հայտարարության վերջում կգտնի նաեւ այն թիրախները, որոնց ուղղությամբ ՀՅԴ-ից հարվածներ կստանա, այն պարագայում, եթե որոշի ՀՅԴ-ին փոխարինել ԲՀԿ-ով՝ սոցիալական արդարություն, մարդկանց կյանքի որակ, ապագայի հանդեպ վստահություն, ազգային անվտանգություն, հովանավորչություն, կոռուպցիա, մենաշնորհներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



























