Մանհեթենում իրականացրած հարձակումից հետո մեղադրյալ Սեյֆուլո Սաիպովին սպառնում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ: Այս մասին հայտարարել է Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի պաշտոնակատար Ջուն Քիմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Չորեքշաբթի 29-ամյա Սաիպովին ահաբեկչության մեղադրանք է առաջադրվել:

«Ահաբեկչությանը նյութական աջակցություն ցուցաբերելու հոդվածով առավելագուն պատժաչափը ցմահ ազատազրկումն է»,- նշել է Քիմը:

«Հարձակումից հետո արդեն գրեթե 24 ժամ է անցել, քննությունն ակտիվորեն շարունակվում է: Մենք կդիտարկենք, թե վերջնականապես նրան ինչ կետերով մեղադրանք կներկայացվի: Դրանցից որոշները կարող են պատժվել մահապատժով, որոշները՝ ցմահ ազատազրկմամբ»,- նշել է նա:

ՀԴԲ-ն իր հերթին հայտնել է, որ Սաիպովը մտադիր էր առնվազն մի քանի 100 մետր ընթանալ բազմության միջով եւ կանխամտածված է ընտրել Հելոուինի օրը, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդու սպանի: «Սաիպովը ցականում էր առավելագույն թվով մարդ սպանել»,- նշված է դատարան ներկայացված ՀԴԲ փաստաթղթում: «Սաիպովը հոկտեմբերի 31-ը՝ Հելոուինի օրն էր ընտրել, քանի որ կարծում էր, որ տոնին փողոցներում ավելի շատ մարդ կլինի»,- նշված է տեքստում:

ՀԴԲ-ից հայտնել են, որ Սաիպովի մոտ, 2 ատրճանակից բացի, եղել է նաեւ 2 դանակ, որոնք նա արդեն հասցրել է օգտագործել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Մանհեթենում բեռնատարը մի քանի փողոցներում ընթացել է հեծանվային ուղեմասով՝ իր ճանապարհին վթարի ենթարկելով հեծանվորդներին, այնուհետեւ մխրճվել է դպրոցական ավտոբուսի մեջ: Ոստիկանները վարորդին վիրավորել են: Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 8 մարդ, որոնց թվում՝ Արգենտինայի 5 քաղաքացի, ավելի քան 10-ը վնասվածքներ է ստացել: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն տեղի ունեցածը ահաբեկչություն է բնութագրել, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարձակվողին անմեղսունակ է անվանել:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ձերբակալվածը 29-ամյա ուզբեկ Սեյֆուլո Սաիպովն է, որն ԱՄՆ է եկել 2010 թվականին: