Հունվարի 1-ից Ախալցխայի տեղական հիվանդանոցում կթանկանան ծառայությունների գները:
Եթե մինչեւ այսօր Ախալցխայի հիվանդանոցում բժշկի մոտ այցելությունն արժեր 15 լարի (շուրջ 8,5 դոլար), 2011 թվականից սկսած, բժշկին այցելած հաճախորդները կվճարեն 20 լարի (շուրջ 11,4 դոլար): 15 լարիով կավելանա ոչ աշխատանքային ժամերին բժշկի կանչը, այսուհետ 20 լարիի փոխարեն բնակիչները վճարելու են 35 լարի (շուրջ 20 դոլար):
Բժիշկները կարծում են, որ թանկացումներն այդքան էլ ազդեցություն չեն ունենա բնակչության վրա:
«Մեկ շաբաթ սիրտս ինձ անհանգստացնում էր եւ հազիվ հավաքեցի 15 լարի, որ այցելեի բժշկին: 20 լարիի դեպքում երկու շաբաթ չէի գնա բժշկի, իսկ այդ ժամանակահատվածում ինչ իմանաս կապրես, թե կմահանաս», -ասել է Ախալցխայի գյուղի բնակիչներից մեկը, ով ապրում է միայն իր թոշակով:
Թե Ախալցխայում որքանով կթանկանա կյանքը, կամ իրավիճակից ելնելով որքանով գները կավելանան կամ կպակասեն, ապագան ցույց կտա, սակայն մինչ այդ Ախալցխայի բնակիչները հուսով են, որ դրա հետ կավելանան նաեւ թոշակները եւ աշխատանք կգտնեն:




























